Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում քաղաքապետի ընտրություններ են:
Այս պաշտոնի համար երկու հիմնական թեկնածու է պայքարում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Բինալը Յըլդըրըմը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Լավ» կուսակցությունների առաջադրած թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Քվեարկությունից օրեր առաջ ORC գործակալության անցկացրած հարցումների համաձայն, Բինալի Յըլդըրըմը 48,3 տոկոս, իսկ նրա մրցակիցը 47,7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունի:
Nev և Statü գործակալությունների հարցման արդյունքները ևս իշխանության թեկնածուի օգտին են: Ըստ հրապարակված տվյալների, Յըլդըրըմը 50 տոկոսից ավելի քվե կստանա:
Ստամբուլի 39 վարչական շրջաններում, 31 հազար 342 քվեատուփ է տեղադրվել: Քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած 10 միլիոն 560 հազար 963 քաղաքացի:
Առավոտյան 08:00-ին բացված ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 17:00-ին:
Մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 13 հազար ձայների տարբերությամբ Ստամբուլում հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցության բողոքարկումից հետո, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մայիսի 6-ի որոշմամբ, չեղյալ էր համարել քվեարկության արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունը պետք է կրկնել: