Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները տեսակցել են Թբիլիսիում բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացուն

Բողոքի ցույց Վրաստանի խորհրդարանի մոտ

Թբիլիսիում բախումներից հետո ձերբակալված Հայաստանի քաղաքացուն այսօր տեսակցել են Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիվանագետները։ - «Նա որևէ բողոք չի փոխանցել», - հայտնում են դեսպանատնից։

Ձերբակալվածը՝ 24-ամյա արմավիրցի Մինաս Մինասյանը, հարազատների հետ հեռախոսազրույցի հնարավորություն է ստացել, նրան նաև շուտով ծնողը կայցելի։ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի խոսքով՝ «ձերբակալվել է վրացական ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար և նա օրենքի ուժով 13 օր պետք է մնա կալանավորված, հետո ազատ կարձակվի»:

Մինասյանը Թբիլիսիում սովորում է: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիություն ունեցող ու այդտեղ ապրող հայերին՝ Շիրակ Թորոսյանը նկատում է՝ նրանք, իհարկե, ներքաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք ունեն, բայց, օրինակ, Ջավախքից մայրաքաղաք ցույցերի մեկնողներ չկան:

Շիրակ Թորոսյանը վրացական սրացման ակունքներին անդրադառնալով՝ ընդգծում է՝ ավելի վաղ էր հայտնի դարձել ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի անցկացման ու ռուսաստանյան պատվիրակության մասնակցության մասին։ Վրաստանի հանրությունից ոչ մի բողոք չէր լսվել, և ահա՝ ցասում է ծավալվում, երբ պետդումայի պատգամավորը նստում է խորհրդարանի խոսնակի աթոռին․ - «Ո՞ւմ է ձեռնտու, որ սրվեն ռուս-վրացական հարաբերությունները և ո՞վ ունի զգալի կշիռ, ազդեցություն Վրաստանի տնտեսության մեջ, հետևաբար՝ նաև Վրաստանի ներքաղաքական կյանքում անուղղակիորեն: Եթե ռուս֊վրացական հարաբերությունները աստիճանաբար կարգավորվեն, ապա այստեղ առաջինը տուժելու են թուրքերը, բայց հատկապես՝ Ադրբեջանը»:

Հրահրողը, նրա կարծիքով, արմատական ընդդիմության հակառուսական տրամադրությամբ թևն է․ - «Մի թև, որը համարվում է եվրոպական, արևմտյան, բայց ավելի շատ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թբիլիսիում, Թորոսյանը համարում է խորհրդարանական ընտրությունների նախաքարոզարշավ: Ի դեպ՝ չի կասկածում, եթե ի վերջո երկիրը արտահերթ ընտրությունների գնա, արդյունքը եկող տարի սպասվող ընտրությունների արդյունքից տարբեր չի լինի։ - «Մենք միշտ կողմնակից ենք կայուն Վրաստանի, անկայունությունը բոլորովին չի բխում մեր շահերից», - ասում է պատգամավորը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով վրացական սրման հիմքում 2 բաղադրիչ է՝ իշխող կուսակցության նկատմամաբ դժգոհությունն ու Ռուսաստանից հրահրված հիբրիդային պատերազմը: - «Էդ ո՞ւմ մտքով կարող էր անցնել, ընդհանրապես, Ռուսաստանի պատգամավորին բերել Վրաստանի Ազգային ժողով: Դուք վրացիների տեսանկյունից նայեք էդ պրոբլեմին՝ ակնհայտ է, որ դա կոչվում է հիբրիդային պատերազմի տարր»:

Սա ըստ քաղաքագետի՝ սադրանք էր: Վեհաժողովի այդ միջադեպն, ըստ նրա, սեպ դարձավ վրաց հասարակության հատվածների միջև, բռնկված ալիքն էլ, ըստ Ստեփան Գրիգորյանի, շարունակելու է ծավալվել։ Չի կարծում, թե հրաժարականները կհանգուցալուծեն իրավիճակը․ - «Գրեթե վստահ եմ՝ իշխանափոխություն կլինի: Եթե դիմադրեն, եթե հրաժարականներ չտան, եթե նոր ընտրությունների չհամաձայնեն գնալ, էդ դեպքում հեղափոխությունն անխուսափելի է ու հասարակությունը ոտքի կանգնեց: Ու կներեք՝ միգուցե անտակտ զուգահեռ կանցկացնեմ, դուք ո՞նց էիք նայելու, եթե Թուրքիայի կամ Ադրբեջանի պատգամավորներից մեկը գար մեր Ազգային ժողով և ամբիոնից ելույթ ունենար»:

Ի դեպ, քաղաքագետ Գրիգորյանը հարց ուներ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու գործուղված հայաստանցի պատվիրակներին․ ինչո՞ւ եք մեկնել ուղղափառների նիստին։

Արձագանքում է պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը․ - «Հայաստանի պատվիրակությունը արդեն տարիներ շարունակ մասնակցում ա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի գլխավոր նպատակը ոչ միայն ուղղափառության խնդիրների քննարկումն է, այլ նաև միջպետական և միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարների շուրջ»:

Հայկական պատվիրակությունը Թբիլիսից երեկ է վերադարձել։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ պատմական դարձած նիստը ընդհատվել էր մեկնարկելուց ժամուկես հետո, բայց ինչպես փոխանցեց Իվետա Տոնոյանը՝ օրակարգային հարցեր խորհրդարանի շենքից դուրս քննարկվել են․ - «Հյուրանոցի մուտքը ևս վրացի ցուցարարների կողմից շրջափակված էր, այնուամենայնիվ՝ վեհաժողովի նախագահությունը օրակարգի բոլոր հարցերը քննարկել է բոլոր ազգային պատվիրակությունների մասնակցությամբ»: