Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերություններին արգելել է թռիչքներ կատարել դեպի Վրաստան: Արգելքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից: Պուտինի ստորագրած հրամանագրի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում: Հրամանագրով նաև զբոսաշրջային ընկերություններին է առաջարկվում Վրաստանի ուղեգրեր չվաճառել: Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է ապահովել Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը ու նրանց ուղեբեռի փոխադրումը Ռուսաստան:
Հրամանագրում նշված է, որ այս քայլերն արվում են Ռուսաստանի ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հունիսի 20-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիա էր բռնկվել: Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 200 մարդ է վիրավորվել: Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: