Քաղաքային իշխանությունը խոստանում է՝ Երևանն արժանավայել տրանսպորտային ցանց կունենա 2-3 տարվա ընթացքում

Երևանի հասարակական տրանսպորտ, արխիվ

Քաղաքային իշխանությունը խոստանում է՝ Երևանն արժանավայել տրանսպորտային ցանց կունենա 2, վատագույն դեպքում 3 տարվա ընթացքում, կներկրվի 820 ավտոբուս, անհրաժեշտ գումարը՝ նվազագույնը 100-110 միլիոն դոլար:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հարցնում են՝ ո՞վ է վճարելու: Երևանի ավագանու ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասում է՝ եթե այդ ավտոբուսները գնվելու են վարկային միջոցներով, ապա կավելանա երկրի 7 միլիարդի հասնող արտաքին պարտքը:

«Արդյո՞ք գործող կառավարությունը կմտնի այդ պատասխանատվության տակ՝ վերցնելու ևս պարտք, արտաքին պարտքը մեծացնելու համար, որպեսզի Երևանի քաղաքապետի խոստումը իրականություն դառնա, և երևանցին ունենա տրանսպորտ», - նշեց Առաքելյանը։

Երևանի տրանսպորտային նոր ցանցի ֆինանսավորման հաշվետվությունն ուղարկվել է կառավարություն: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց՝ իրենք ֆինանսավորման հետևյալ տարբերակն են առաջարկում՝ վարկ գումարած դրամաշնորհային միջոցներ:

«Եթե վարկային միջոցներ է վերցվում սուվերեն վարկով, էդ նշանակում է, որ արտաքին պարտքը ավելանում է։ Էս պարագայում, եթե էդ մոդելով ենք գնում, այնպիսի մոդել պետք է ընդգրկենք, որ ինքնածածկվող լինի, որ պետական պարտքի վրա ընդհանրապես բեռ չլինի։ Այսինքն, եթե ընդհանուր պրոյեկտի արժեքը կազմի 150 միլիոն դոլար առավելագույնը, ապա պատկերացնում ենք, որ կունենանք մի 20 տոկոս էլ դրամաշնորհ», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ կարծում է, որ հասարակական տրանսպորտի խնդրի լուծումը դանդաղում է, 9 ամսվա ընթացքում, ասաց, քննարկումների փուլն արդեն ավարտված պետք է լիներ։

«Տրանսպորտային ցանցի նախագծի հետ կապված 9 ամիս անց նոր բանակցություններ են վարվում կառավարության հետ, ինչը, ընդ որում, մենք իմացել ենք մամուլից: Եվ էլի բազմաթիվ քաղաքային տնտեսության մեծ և փոքր կետեր կարող էին լուծվել, որոնք այսօր որևէ շոշափելի տեղաշարժ չունեն», - նշեց «Լույս» խմբակցության անդամը։

Թեհմինա Վարդանյանն ասում է՝ վատ է, որ արտաքին պարտքն ավելանալու է: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը չբացառեց, որ կառավարության ուղարկած իրենց հաշվետվության շրջանառումից հետո գուցե վարկի տարբերակը հանվի, բայց ընդգծեց՝ դա լավագույն ելքն է։

«Եթե մենք պետական պարտքի միջոցով չենք վերցնում, գնումները չենք կատարում սուվերեն վարկի միջոցով, ապա նշանակում է, որ այդ 20 տոկոս շահութաբերությունը պետք է վճարեն քաղաքացիները, իսկ եթե քաղաքացիները չեն վճարում, դա վճարում է կառավարությունը, սուբսիդավորում է, իսկ շահույթ ստացող կազմակերպությունը այդ գումարները պարզապես երկրից դուրս է հանելու։ Ես կարծում եմ, այդ կոնտեքստի ներքո տրամաբանություն չկա, և ճիշտ կլինի, որ մենք ունենք պետական պարտքի տեսքով դրամական միջոցներ, ներդրում իրականացնենք և ինքներս սպասարկենք, իսկ այդ 20 տոկոս շահութաբերությունը մնա մեր երկրում», - ընդգծեց Սարգսյանը։

Թե տրանսպորտային նոր ցանցի դեպքում որքան կկազմի ուղեվարձը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հստակ թիվ չնշեց։

«Կարող է 100 դրամ չլինել, բայց միևնույն ժամանակ սոցիալական տարբեր խմբերին, որոնց արտոնություններ ենք տրամադրում պետության կողմից, այդ ամբողջությամբ սուբսիդավորվելու է», - նշեց Հրաչյա Սարգսյանը։