Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ոստիկանության ներքին զորքերի կազմավորման 27-ամյակի միջոցառմանը, 21-ը հունիսի, 2019 թ.

Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության ներքին զորքերի կազմավորման 27-ամյակի միջոցառման ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն», - ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս չի ունենա՝ սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները, Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը պաշպանելու գործում:

«Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը։ Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասնվի», - նշեց Փաշինյանը։

Հունիսի 6-ին էլ վարչապետը կառավարության նիստի ընթացքում էր հայտարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված է տրվելու բռնության քարոզ հնչեցնող ուժերին, նրանց վարչապետը բնորոշել էր որպես «սևազգեստ խմբեր», սակայն չէր բացել փակագծերը՝ մասնավորապես խոսքն ում մասին է: Հատկանշական է՝ վերջին շրջանում սև հագուստով մի քանի անհատներ են աչքի ընկնում, որոնք հակաիշխանական պահվածք ունեն։ Ոստիկանապետն էլ արձագանքեց վարչապետի հայտարարությանը, վստահեցրեց՝ ոստիկանության պատասխանը իրավախախտներին շատ կոշտ է լինելու։

«Կան այնպիսիները, որ հանդուրժողականությունը զրո է», - նշեց Օսիպյանը։

Ասաց՝ եթե նախկինում ոստիկանությունը հանդուրժող էր, ապա մոտ 1 ամիս է՝ վերաբերմունքը փոխվել է օրինազանցների նկատամբ։ - «Վստահեցնում եմ՝ այսօր արդեն և շուրջ մեկ ամիս տևական կլինի և ոստիկանությունը այլևս հանդուրժող չի», - ընդգծեց ոստիկանապետը։

Իսկ թե քանի՞, այսպես ասած, սևազգեստ է բերման ենթարկվել վերջին շրջանում, ոստիկանապետը դժվարացավ թիվ նշել։

Ոստիկանապետն, ի դեպ, այսօր հեղափոխությունից հետո ոստիկանության թիվ մեկ ձեռքբերումը համարեց ոստիկանության զորքերի մարտական հերթապահության անցնելը։ Բացատրեց՝ մինչ այդ էլ ներքին զորքերը սահմանագծին ծառայություն իրականացնում էին, սակայն այն կարճ էր տևում։

«Մեր դիրքերում պաշտպանության նախարարության՝ զինված ուժերի ներկայացուցիչներ չկան, առաջներում կային, բայց երբ որ տղաները հմտացան և դարձան արդեն այդ տարածքների տեր ու տիրակալը, էսպես ասած, շուրջ մեկ տարի է մենք ինքնուրույն պաշտպանում ենք պետական սահմանը», - ասաց Օսիպյանը։