Ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության գլխավոր վարչությունում իր ելույթի ժամանակ։
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն։
«Բայց Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձում են մեկնաբանել որպես թուլություն, և այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա, կամ կամքի որևէ պակաս կունենա՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը վստահեցրեց՝ իրենց կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը։
«Մեր ձեռքը չի դողա մեր կամքը չի սասանվի, մենք նույն պատկերացումն ունենք նաև մեր արտաքին սահմանների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության պաշտպանության առումով, մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործում, բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը, և այդ հակահարվածը կհեղինակեն նաև ոստիկանության զորքերի այն ծառայողներն, ովքեր այսօր ամուր կանգնած են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության պաշտպանության դիրքերում», - եզրափակեց վարչապետը։
Նշենք, որ Ոստիկանությունն այսօր հանդիսավորությամբ նշում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 27-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և պաշտոնատար այլ անձինք։