«Գիտնականներին պետք է վեթինգի ենթարկել»․ Սամվել Խուդոյան

Այս տարեսկզբից ընդամենը 60 հոգի է ատենախոսություն պաշտպանել գիտական աստիճան ստանալու համար: Թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի պակասել է:

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը սա համարում է գրագողության թեմայով զգոնացնող քննարկումների արդյունք․ - «Ենթադրում եմ, որ ատենախոսները դզում են՝ ուղղում են, որակն են բարձրացնում, որովհետև էս վերահսկողության ուժեղացումը նրանց զգուշացրել է»:

«Ատենախոսությունների 50 տոկոսի դեպքում կա՛մ գրագողություն է կա՛մ նյութում որևէ գիտական նորույթ չկա», - ասում է Սմբատ Գոգյանը: Ինչո՞ւ են մարդիկ փողով, կեղծարարությամբ գիտությունների թեկնածու, դոկտոր դառնում: Գիտության կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանի կարծիքով, շատերին ոչ թե գիտությամբ զբաղվելու միտքն է չարչարում, այլ անձնական շահը․ - «Բանակից ազատվելու միտում ունեն, աշխատանքային կարիերա անելու կարիք ունեն»:

Գիտական միջավայրում գրագողության թեման նաև խորհրդարանական հանձնաժողովում քննարկվեց: Արծարծվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ազատությամբ փոխարինած դատավորի ատենախոսությունը, որում «համընկնումներ» էին հայտնաբերել Բարձրագույն որակաավորման կոմիտեի մասնագետները: Դատավոր Ազարյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է դարձել «Իրավական կարգավորումը, նրա կառուցակարգն ու զարգացման հեռանկարները» ատենախոսության պաշտպանությամբ:

Կոմիտեի համակարգիչը շատ արագ առանձնացնում է արտագրված կտորները․ - «Տեսնում ենք, թե որ ատենախոսության հետ են համընկնում»:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը շեշտում է, որ նախկինում գրագողությամբ գիտական աստիճան ստացածների համար օրենքը ոչինչ էլ չի նախատեսում: Իսկ իրենք անցյալը փորփրելու ցանկություն չունեն․ - «Երկու ռեկտոր կան, որոնք գիտական աստիճանի և կոչման հետ կապված խնդիր ունեին, և էդ էրկուսը արդեն ռեկտորներ չեն, դիմում գրեցին-գնացին, երբ որ փաստերը դեմը դրեցինք: Ցանկացած անհատի հետ կապված՝ լինի նախկին իշխանությունից թե հիմիկվա իշխանության համակիրներից, եթե մեծ խնդիր կա, և մենք ուսումնասիրենք, բացահայտենք, մենք էդ խնդիրը չենք թաքցնելու, փորձելու ենք լուծում տալ, որպեսզի ոլորտը մաքրվի»:

Գրագողության դեմ պայքարի միջոցներից է համարում նաև պաշտպանությունները թափանցիկ դարձնելը՝ ընդհուպ ուղիղ հեռարձակմամբ։ Իսկ կոմիտեում գործող համընկնումների հայտնաբերման ծրագիրը նախատեսում են դարձնել կենտրոնացված՝ նաև բուհերի համար, որպեսզի ստուգվեն նաև դիպլոմայիններն ու մագիստորոսական թեզերը:

Գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը համամիտ է, որ գրագողության շուրջ վերջին քննարկումները մի քիչ մեղմել են իրավիճակը․ - «Պատժվում են մարդիկ, խայտառակ են արվում մարդիկ: Այսինքն թեման ակտուալ է դարձել: Իսկ էն ժամանակ կարծես փակ թեմա էր, չէին խոսում, չէին էլ ստուգում»:

Խուդոյանի խոսքով, գիտական աստիճան ունենալը ուղղակի մոդա է, այն կարելի է նաև փողով գնել, իհարկե դոկտորականը թանկ կնստի․ - «Գումարը ավելի մեծ կլինի: Բայց ես հնարավոր համարում եմ: Գրում են, մարդիկ կան, գրում են: Դուք գիտե՞ք, որ պաշտոնյաներից շատերի աշխատանքները մաքուր աշխատանքներ են, իսկական հետազոտություններ են: Մենակ ուրիշն ա արել»:

«Երևանի սոցիալ տնտեսական զարգացման հիմնախնդիրները». սա Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագիտության թեկնածու Տարոն Մարգարյանի ատենախոսութունն է: Որևէ գրագողություն համակարգը չի հայտնաբերում:

Սամվել Խուդոյանը գիտական միջավայրը մաքրելու հարցում կտրուկ է տրամադրված: Նա կարծում է, թե մի վեթինգ էլ գիտական աշխարհում է պետք: Ինչո՞ւ պետք է գիտությամբ չզբաղվող հարյուրավոր թեկնածուները, դոկտորները լրավճարներ ստանան․ - «Որպեսզի էդքան փող պետությունը սրանց չտա: Դրա հետ միասին, նրանք նստում են ամբիոնի վարիչներ, լաբորատորիայի վարիչներ, որի իրավունքը չունեն: Մի օր նստեցինք, հաշվարկեցին մեր տնտեսագետներից մեկի հետ․ կոռուպցիային հավասար տուժում ա»:

Ինքն օրինակ ամսական մոտ 50 հազար դրամ լրավճար է ստանում որպես դոկտոր պրոֆեսոր: Ասում է, թե գիտությունից հեռու և դոկտորի աստիճանը փողով կամ պաշտոնի հնարավորությունից օգտվելով ձեռք գցածներին պետք է աստիճանազրկել: Կշահի գիտությունը, կշահի բյուջեն: