Պուտինը պնդում է, թե Ռուսաստանը շուրջ հինգ անգամ պակաս վնաս է կրել պատժամիջոցներից, քան Արևմուտքը

«Ուղիղ կապը» Վլադիմիր Պուտինի հետ այսօր տևել է չորս ժամից ավելի, Ռուսաստանի նախագահը պատասխանել է 85 հարցի: Սա արդեն 17-րդ նման ասուլիսն էր, Պուտինն այս ձևաչափը պահպանել է նույնիսկ այն տարիներին, երբ դե յուրե Ռուսաստանի նախագահը չէր:

Այսօրվա հիմնական ինտրիգը թերևս այն էր, որ Պուտինը ռուսաստանցիների հետ շփվում էր մի իրավիճակում, երբ նրա վարկանիշը, ըստ հարցումների, անընդհատ իջնում է, ուստի պետք է հնարավոր ամեն բան անել ռուսաստանցիներին դուր գալու համար:

Թե՛ լրագրողները, թե՛ Պուտինը, թե՛ ռուսաստանցիներն այսօր շատ էին խոսում խնդիրներից՝ ցածր աշխատավարձներից, առողջապահության ցածր որակից, կոռուպցիայից, աղբահանության խնդիրներից, որ իսկական գլխացավանք են դարձել Ռուսաստանի իշխանությունների համար:

Ու թեև Պուտինը համաձայնում էր, որ այդ խնդիրները կան, պնդում էր, թե կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ բարելավելու ռուսաստանցիների կյանքը․ - «Ես չեմ ուզում, որ համացանցում կամ հեռուստացույցի առջև նստած մարդիկ ինձ վրա բարկանան, որ չունեն այն աշխատավարձը, որի մասին ես խոսում եմ, բայց իսկապես այն թվերը, որ ես հնչեցնում եմ, միջին վիճակագրական տվյալներն են»:

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականությանը: Խոսելով արևմտյան պատժամիջոցների մասին՝ նա, մասնավորապես, դրանց հետևանքով Ռուսաստանի կրած վնասները համեմատել է Արևմուտքի երկրիների կրած վնասների հետ ու ասել, թե վերջիններս կորցրել են ռուսաստանյան շուկան․ 2014-ից ի վեր, երբ ուժի մեջ մտան պատժամիջոցները, Ռուսաստանի կրել է 50 մլրդ դոլարի վնաս, իսկ Եվրամիությունը՝ 240 մլրդ դոլարի:

Ասուլիսի ընթացքում էկրանին ուղիղ եթերում հայտնվում էին ռուսաստանցիների հարցերը, որոնցից մեկը հետևյալ էր․ «Միայն մեկ հարց ունեմ: Ե՞րբ եք հեռանալու»: Այս հարցին Վլադիմիր Պուտինը չի պատասխանել: Բայց հարցին, թե չի հոգնել արդյոք նախագահի պաշտոնից, արձագանքել է, թե չի հոգնել, այլապես 2018-ին 4-րդ անգամ չէր մասնակցի նախագահական ընտրություններին:

Ի դեպ, ուղիղի եթերի ընթացքում լրագրողներն ասել են, որ «Ուղիղ կապի» կենտրոնի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, թերևս փորձելով դրանով բացատրել, որ այսօր իսկապես շատ էին Պուտինի համար «անհարմար» հարցերը:

Ավանդաբար շատ էին հարցերը ռուս-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու վերաբերյալ: Պուտինն ասել է, թե Զելենսկին «տաղանդավոր մարդ է որպես շոումեն», սակայն որպես Ուկրաինայի նախագահ, նրանից ակնկալում է Դոնբասում իրավիճակը կարգավորելու քաղաքական կամք:

Պուտինը չի շրջանցել Իրանի շուրջ ընթացող զարգացումները․ հարցին, թե հնարավոր համարում է պատերազմը Իրանի և Միացյալ Նահանգների միջև, նա պատասխանել է, որ չգիտի ու չէր ցանկանա նման զարգացում:

Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում երկրի ծախսերին, Պուտինի խոսքով, դրանք «բավականին համեստ» են, այդուհանդերձ Ռուսաստանն ունի այնպիսի հրթիռներ, որոնցով ռուսաստանցիները կարող են հպարտանալ:

Պուտինն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններին: Նա ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, «այլ հարց է, թե ինչքանով է այդ երկխոսությանը պատրաստ ամերիկյան կողմը»․ - «Գործող նախագահը ստիպված է լինելու հաշվի նստել նախընտրական արշավի պահանջների հետ, բայց երբ ամերիկյան կողմը պատրաստ լինի երկխոսության, մենք կպատասխանենք նույնպիսի պարտաստակամությամբ: Մանավանդ որ շատ բան ունենք քննարկելու՝ միջազգային անվտանգությունը, սպառազինությունների կրճատումը, նորմալ երկխոսության վերականգնումը»:

Իսկ պատժամիջոցները, Պուտինի խոսքով, «մեծ սխալ է Միացյալ Նահանգների կողմից»:

Անկախ փորձագետները գրում են, որ այսօրվա «Ուղիղ կապը» նախկինի պես «կազմակերպված շոու է»:

Այսօր Պուտինը ստիպված է եղել ուղիղ տրված «արդյո՞ք այս ասուլիսը Դաշնային անվտանգության ծառայության շոուն չէ» հարցին ի պատասխան հերքել դա: