Միացյալ ազգերի կազմակերպությունը պնդում է, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում անմիջական մասնակցություն ունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը:
Սպանության հետաքննության արդյունքների մասին ՄԱԿ-ի արտադատարանային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալլամարի հեղինակած զեկույցում կոչ է արվում միջազգային հետաքննություն սկսել ինչպես թագաժառանգի, այնպես էլ գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանում սպանված լրագրողի դին մինչ օրս չի հայտնաբերվել:
Լրագրողի սպանության մասին ՄԱԿ-ի 101 էջանոց զեկույցում նշվում է, որ քննչական խմբին թույլատրվել է ծանոթանալ հյուպատոսարանում Խաշոգջիի սպանության պահին արված ձայնագրությունների մի մասի հետ, որի շնորհիվ նոր մանրամասներ են հայտնաբերվել լրագրողի կյանքի վերջին օրերի և րոպեների վերաբերյալ:
Զեկույցում ներկայացված է ձայնագրություններից մեկում լսվող երկխոսությունից մեկ հատված: Անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչ, թագաժառանգի մերձավորներից համարվող Մահեր Մութրեբը հարցնում է. - Իսկ հնարավոր կլինի՞ ճամպրուկը մտցնել պարկի մեջ:
- Ոչ շատ ծանր է, - պատասխանում է Սալահ Թուբայգի անունով անձը, ում համարում են սպանության մասնակիցներից: Վերջինս շարունակում է․ -Մարմինը ծանր է, նախ ես նրան գետնի վրա կմասնատեմ: Եթե վերցնենք պոլիէթիլենային տոպրակները և նրան կտորների բաժանենք, գործը կվերջանա, հետո ամեն մի կտորը կդնենք տոպրակների մեջ:
«Թուրքիայում իմ առաքելության ընթացքում ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ Խաշոգջին դարձել է դաժան և կանխամտածված սպանության զոհ, որը պլանավորել և իրականացրել են Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք», - հայտարարել է քննչական խմբի ղեկավար Ագնես Քալամարսը, կոչ անելով Էր Ռիադին ներողություն խնդրել լրագրողի հարազատներից և ընդունել սպանության մեղքը և փակել հանցագործության մեջ կասկածվող 11 մարդու նկատմամբ հարուցված քրեական գործերը:
Թագավորական ընտանիքի քննադատի սպանությունը կազմակերպելու մեջ սաուդցի թագաժառանգին մեղադրել էին Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը, ինչպես նաև մի շարք արևմտյան հատուկ ծառայություններ: Թագավորության իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները՝ միևնույն ժամանակ հրաժարվելով համագործակցել լրագրողի մահվան հանգամանքները հետաքննող թուրքական և օտարերկրյա խմբերի հետ: Էր Ռիադը նաև արգելել է ՄԱԿ-ի քննչական խմբին այցելել Սաուդյան Արաբիա: 59-ամյա լրագրողի սպանության պատճառով կտրուկ սրվել են թագավորության և Արևմուտքի հարաբերությունները, ինչպես նաև լրջորեն տուժել է թագաժառանգ Բին Սալմանի հեղինակությունը, ով մինչ այդ միլիոնավոր դոլարներ է ծախսել միջազգային հանրության կողմից երիտասարդ բարեփոխականի իմիջ ստեղծելու համար:
Արևմտյան մամուլի տեղեկություններով, Մուհամեդ Բին Սալմանի, ինչպես նաև սաուդական իշխանությունների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ առաջիկայում հնարավոր է սահմանվեն միջազգային պատժամիջոցներ, ինչը պնդում է ՄԱԿ-ի Արտադատական մահապատիժների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը: Բացի այդ Հաշոգիի սպանության գործը կարող է ուղարկվել Հաագային միջազգային դատարան:
ՄԱԿ-ի քննչական խմբի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ջամալ Հաշոգին Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարան է մտել 13:15-ին: Ուղիղ 22 րոպե անց սղոցի ձայներ են լսվել: