2008-ի արյունալի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանն այսօր անցավ դատական ստուգման փուլ, իրենց դիրքորոշումները սկսեցին հայտնել մեղադրող դատախազները։
Այսօր ևս, ինչպես և երեկ, Քոչարյանը դատարան չէր ներկայացել։ Պաշտպանական կողմը հայտարարեց՝ այս փուլում նա կարող է չմասնակցել նիստին։
Մեղադրող դատախազները ընթերցեցին վերաքննիչ բողոքները, որոնք ներկայացվել են ընդդեմ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ որոշումներին։
Գլխավոր դատախազը դատարանում պնդեց՝ առաջին ատյանի դատարանի որոշումներն անհիմն ու ապօրինի են։ Արթուր Դավթյանը հայտարարեց՝ առաջին ատյանի դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։ Եվ որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանցավոր սխեմայի դրսևորում կա։
«Այս սխեմայի փուլերից մեկին, հատկապես սահմանադրական դատարանի գործունեությանը միջամտելու մասով, իմ խոսքում ես նույնիսկ ստիպված եղա վերլուծել հենց պաշտպանության կողմից ի պաշտպանություն պաշտպանության կողմի դիրքորոշման բերված մի ապացույց, խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի ցուցմունքին, վերլուծության ենթարկեցինք այս ցուցմունքը, ակնհայտ դարձնելով նախ, որ դրանով մեղադրանքի հիմնավորման դետալներ առկա են, և ապա վերջինիս ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում նախագահական նստավայր հրավիրելու կապակցությամբ մեղադրյալի պարզաբանումների բացակայությունը», - նշեց Դավթյանը։
Արթուր Դավթյանը նաև ասաց՝ կալանքից բացի այլ խափանման միջոց Քոչարյանի համար չի պատկերացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա տարիներ շարունակ զբաղեցնելով բարձր պաշտոն, ազատության մեջ կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Գլխավոր դատախազը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարող էր ձեռներեցությամբ զբաղվելու իրավունք չունեցող պաշտոնյան՝ 2007-2009 թվականների ընթացքում այդքան գումար ունենալ։ Դավթյանն ասաց՝ խոսքը Քոչարյանի որդու հաշվին մուտք արված 18 միլիոն դոլարին համարժեք գումարի մասին է։
«Մասնավորապես, նույն ժամանակահատվածում առկա են մեծ գումարների մուտքեր մեղադրյալի որդու վարկային հաշիվներին, որոնց վերաբերյալ քննության ողջ ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել», - ասաց գլխավոր դատախազը։
Դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ գլխավոր մեղադրողը հայտարարեց. «Ձեր նկատմամբ հնչում են սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ»։ Դավթյանը նկատի ուներ օրերս դատարանում Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին ուղղված խոսքը, երբ երկրորդ նախագահն ասել էր, թե ամեն մարդ պատասխանատվության կենթարկվի իր արարքների համար։
Մյուս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակելով Քոչարյանին և գործը կասեցնելով ու այն ուղարկելով Սահմանադրական դատարան, թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Դատախազը մանրամասնեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածի տակ չի դրել Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով նախատեսված արարքը։ Բայց միևնույն ժամանակ դատավորը առանց պատճառաբանության գրել է, որ առկա են որոշակի կասկածներ այդ արարքի սահմանադրականության առումով և որ անհրաժեշտ է ստուգել դրանք:
«Փաստորեն դատարանը եկել է եզրահանգման, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով առկա է Քոչարյանի առնչությունը նշյալ հոդվածով նախատեսված արարքի կատարմանը, միաժամանակ գտնելով, որ իրավական որոշակիության առումով հետագայում պետք է ստուգման ենթարկվեն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը», - ընդգծեց Պետրոսյանը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն անդրադառնալով երկրորդ նախագահ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագին, հայտարարեց՝ գործում առկա են ապացույցներ, հարցաքննություններ՝ հիշատակելով 2008-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանի առերես հարցաքննություններն, ինչպես նաև գործարար Սիլվա Հահմաբրձումյանի և այլոց ցուցմունքները։
Այսօր դատարան եկած Մարտի 1-ի 6 զոհերի հարազատները միացան ինչպես դատախազության, այնպես էլ տուժողների ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանի և Սեդա Սաֆարյանի բողոքներին։ Մարտի 1-ի զոհ, ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը արցունքն աչքերին հարցրեց՝ ինչո՞ւ զոհվեց որդին, երբ մայրաքաղաքի Լեոյի փողոցի վրա որևէ ցուցարար չկար։
«Ապրում եմ մենակ էն հույսով, որ կարողանամ գոնե տեսնեմ էս որ, շատ կներեք, շուն, շան որդին էր, որ քաշեց էդ.... նայեմ աչքերին, ասեմ՝ ինչի՞ համար», - նշեց Ռուզաննա Հարությունյանը։
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ զոհերի հարազատների ելույթները լսելով՝ հուզվեց։
«Շատ հուզվեցի, անկեղծ», - ընդգծեց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով գլխավոր դատախազի՝ 18 միլիոն դոլար գումարի մասին հայտարարությանը, արձագանքեց․ «Իրանք ի՞նչ են ասում, ասում են՝ էդ ընթացքում էս կինը սենց բան է ասում, ստեղ էլ տեսնում ենք ինչ-որ գումար կա, բայց ոչ մի ձև իրա կապը ոչ մեկ ո՛չ հաստատել է, ո՛չ նման ցուցմունք է տվել, ոչ մի բան»։
Այսօր՝ ավելի վաղ, դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Մինչ այս պահը և Քոչարյանի պաշտպանները, և տուժող կողմի իրավահաջորդները ինքնաբացարկի ութ միջնորդություն են ներկայացրել, որոնք բոլորն էլ մերժվել են: