Շուրջ մեկ ամիս առաջ գործարկվեց azdararir.am կայքէջը, որի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն կոռուպցիոն դեպքերի մասին հաղորդումներ ներկայացնել` մնալով անանուն: «Վաթսուն ազդարարում արդեն կա», - ասում է էլեկտրոնային այդ հարթակը վարող Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը: - «Շուրջ 23 տոկոսի վերաբերյալ ազդարարումները արդեն ուղարկվել են օպերատիվ-հետախուզական մարմիններին»:
Իսկ երկու ազդարարումով կան քրեական գործեր հարուցելու հիմքեր․ - «Դրանից մեկը առնչվում է մշակույթի օջախներից մեկին, որը պետական մարմին է։ Մյուսը առնչվում է կրթական օջախներից մեկին, որտեղ տեղի են ունեցել չարաշահումներ»:
Դեպեքերից 15-ը չի հիմնավորվել․ Արմեն Նիկողոսյանի խոսքով, ազդարարող քաղաքացու հետ կապի են դուրս եկել, նյութեր պահանջել, սակայն չեն ստացել, և որոշվել է դրանց ընթացք չտալ:
Ավագ դատախազը հատուկ շեշտում է բարեխիղճ ազդարարման հանգամանքը: Քաղաքացիները, ասում է, պետք է հասկանան, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի գործիք է, ոչ թե անձնական կենցաղային նկատառումներով պաշտոնյաներին կոռուպցիոն քաշքշուկի մեջ գցելու շանս․ - «Անձը այն տվյալները, որոնք հաղորդում է էլեկտրոնային հարթակի միջոցով, պետք է վստահ լինի իր հաղորդած տվյալների իրականությանը համապատասխանության մեջ, չպետք է ազդարարում կատարի ի օգուտ իր և որևէ անձի շահերի»:
Չկա որևէ հնարավորություն բացահայտելու, թե ով է ազդարարողը․ «Ազդարարե՛ք, մենք ձեզ չենք գտնի», - ասում են Գլխավոր դատախազությունում:
Սա հաստատում է Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը․ - «Համոզվա՞ծ եք արդյոք, որ Ձեր սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն ծածկագրված է: Ուղղակի էդ հուշում է համակարգը»:
Խաչիկյանը ցույց է տալիս, որ ծրագիրն ինքն է հուշում՝ անձնական տվյալներ ծածկագրվում են:
Ազդարարման համակարգն ընդհանուր առմամբ նոր է գործարկվել և, Տիգրան Խաչիկյանի խոսքով, իրենք դեռ հետևում են, թե մարդիկ ինչ արձագանք ունեն, ինչ խնդիրներ կան: Գլխավորը, ըստ նրա, այն է, որ քաղաքացիները միանան կոռուպցիայի դեմ պայքարին․ - «Կոռուպցիան արմատախիլ անելու կայուն վճռականություն ունենք: Եվ այդ վճռականությունը ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, մի կառավարության, որը վայելում է ժողովրդի աննախադեպ վստահությունը: Եվ եթե էս երկու հատկանիշներից բխեցնենք տրամաբանական դատողություն, հետևյալն է՝ նույն ժողովուրդը պիտի նաև ակտիվ պայքար մղի կոռուպցիոն երևույթները վերացնելու դեմ՝ յուրաքանչյուրն իր ծավալով՝ չմոռանալով զրպարտության ու սուտ մատնության հոդվածները: Պետք է անպայմանորեն հիմնավորեք լրացուցիչ կապը, որը ուղղակիորեն կհուշի կոռուպցիոն բնույթի դեպքի մասին: Որ առկա է պաշտոնատար անձի ներգրավվածություն այդ պրոցեսի մեջ»:
Երկու տարի առաջ «Ազդարարաման համակարգի մասին» օրենքի քննարկումների ժամանակ այն «գործ տալու» նախագիծ անունն ստացավ։ Իրազեկման արշավի ընթացքում նաև հարցումներ անցկացվեցին, և պարզվեց, որ հայաստանցիների միայն 9 տոկոսն է պատրաստ ազդարարել կոռուպցիոն դեպքի մասին, 57 տոկոսը ազդարարմանը վատ չի վերաբերվում, բայց անձամբ դրանով չի զբաղվի, ավելի քան 30 տոկոսը կտրուկ նման բան չի անի:
Այսօր «Ազատության» հետ զրույցներում երևանցիները տարբեր կարծիքներ հայտնեցին՝ ողջունելուց մինչև նույն «գործ տալը»: