Առաջին ատյանի դատարանը Քոչարյանի գործով ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել. Գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարանում, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Մինչ դատական նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց երեկվա դատական լարված մթնոլորտի պատճառով՝ նշելով, որ նա չի ապահովել պաշտպանական կողմի իրավունքները և պարտականությունները։

Դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն, հերթական անգամ մերժեց ինքնաբացարկ ներկայացնել։

«Որոշեցինք՝ համապատասխան քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Խուդոյանի կողմից ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել», - հայտարարեց դատավորը։

Դատարանը այնուհետև անցավ վերաքննիչ բողոքների ներկայացմանը։ Մեղադրող կողմը ներկայացրեց բողոքները, մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն որոշում է կայացրել փոփոխելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, և գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։

«Առավել քան մեծ է փաստարկված հավանականությունը մեղադրյալի կողմից գործի օբյեկտիվ քննությանը միջամտելու մասին։ Մեր օրենսդրությամբ նախատեսված ոչ մի այլ խափանման միջոց չի ստեղծում տեխնիկապես այնպիսի հնարավորություն, որ ուղղակիորեն կբացառենք անձի՝ մեկ այլ անձի համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելը։ Այս երկու բաղադրիչներին տրված մեր հստակ գնահատականներն են, որոնք մեզ հիմք են տալիս դիտարկելու, որ առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով փաստական երաշխավորությունը։ Գտնում ենք, որ այդ խափանման միջոցը ենթակա է բեկանման, և ստեղծված իրավիճակում մեր կողմից տեղեկացված հիմնավորումներով միակ համաչափ խափանման միջոցը մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորում խափանման միջոցն է», - նշեց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը նաև դիմելով դատարանին՝ նշեց. «Ես գիտեմ, որ նաև սպառնալիքներ են հնչեցվել Ձեզ»։ Գլխավոր դատախազը նկատի ուներ երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի հորդորը ուղղված դատավորին, որտեղ նա հորդորում էր զերծ մնալ այս գործի քննությունից և նշում, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար։

«Անմեղ ձևակերպումներով, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է տալու կամ ենթարկվելու է պատասխանատվության, բնականաբար, այլ նպատակներ են, մեր ենթադրությամբ, հետապնդում։ Ակնհայտ է՝ դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արածի համար անպայման պատասխան է տալու։ Կարծում եմ՝ հենց այս քրեական գործը, հենց այս դատավարությունը դրա վառ վկայությունն է։ Շատ խորհրդանշական է, որ այս արտահայտությունը արվեց նաև գործով մեղադրյալի կողմից։ Վստահ լինելով, որ դատարանը նաև այդ պարզագույն խոսքի իրական հասցեատերերին շատ լավ տարբերակում է, հրապարակի կողմը հույս է հայտնում, որ մեր դատարանը հստակ գիտակցելով ոչ միայն այդ դիրքորոշումը, այլ նաև տեղեկատվական այլ հոսքերով բարոյական, հոգեբանական ճնշումների չի տրվի և կմնա իր բարձր դիրքում», - ասաց դատախազը։

Ընդհանուր առմամբ՝ մեղադրող կողմը նշեց, որ առաջին ատյանի դատարանը, որը կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին և դիմեց Սահմանադրական դատարան, ըստ էության, կայացրել է դատական սխալ, և որ ինչպես մեղադրող Պետրոս Պետրոսյանն էր նշում, դատարանը չպետք է դիմեր Սահմանադրական դատարան, քանի որ Սահմանադրական դատարան սովորաբար դիմում են սահմանադրական ակտի վիճարկման հետ կապված, այլ ոչ Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ մարդը, ով տարիներ շարունակ բացառապես զբաղեցրել է պետական բարձր պաշտոն և օրենքով իրավունք չի ունեցել զբաղվել ձեռնարկատիրական գործուներությամբ, ինչպե՞ս է ստացվում, որ նրա որդու հաշվի վրա 2007-ից սկսած երկու տարվա ընթացքում առկա է եղել 18 միլիոն դոլար։ Ըստ էության, դատախազը այստեղ անդրադառնում էր Քոչարյանի մյուս մեղադրանքին՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված։