«ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»․ Բոլթոն

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում սպասվող հանդիպման նախաշեմին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այց էր կատարել Հարավային Կովկաս՝ այդ թվում Երևան և Բաքու:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Բոլթոնի հետ հանդիպումից բացի Ադրբեջանի և Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ կունենան Մինսկի խմբի եռանախագահների հետ. այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ՝ Ռուսաստանի մայրաքաղաքում: Հակամարտության կողմերի միջև հերթական այս քննարկումները տեղի են ունենում վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի ֆոնին: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն հաղորդում են զոհերի մասին:

Արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի՝ ամերիկյան մայրաքաղաք հնարավոր այցի մասին դեռևս ապրիլին հայտարարել էր ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Էլմար Մամեդյարովը նշել էր, թե Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար: Մամեդյարովի հնչեցրած այս հայտարարությունը ամերիկյան կողմը որևէ կերպ չի մեկնաբանել:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարի վաշինգտոնյան այցի նախաշեմին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը, որի հեղինակը Կալիֆորնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Ջեքի Սփեյերն է` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը: Գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Կոնգրեսական Սփեյերը երեկ Կոնգրեսում հայտարարել է, թե այդ աջակցությամբ ԱՄՆ-ը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու նրանց ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար:

Հայաստանի անկախացումից հետո ԱՄՆ-ը մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին ինչպես hասարակության ժողովրդավարացմանն ուղղված, այնպես էլ այս՝ մարդասիրական ծրագրերի իրականացման համար: 1998 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն: