Խաչատրյանների փաստաբանները բողոքարկում են քույրերին ներկայացված մեղադրանքը

Իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին: Նրանք բողոքարկում են ներկայացված մեղադրանքը: Քույրերը մեղադրվում են նախնական համաձայնությամբ իրականացված սպանության մեջ, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից:

Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատրյանները մեղադրվում են 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատրյանին սպանելու մեջ: Քույրերն իրենք են կանչել ոստիկանությանը և խոստովանել, որ սպանել են իրենց պարբերաբար բռնության ենթարկող հողը: Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել: Աղջիկները նաև սեռական բնույթի բռնության են ենթարկվել հոր կողմից:

Փաստաբանները պահանջում են կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը:

Խաչատրյանների գործն արդեն շուրջ 1 տարի է ամենաքննարկվողներից է Մոսկվայում: Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերն իրենց հորը սպանել են բռնությունից պաշտպանվելու համար: Փաստաբանները հղում են անում հոգեբույժներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ Մարի Խաչատրյանը սպանության պահին անմեղսունակ վիճակում էր հոր ագրեսիայի պատճառով:

Հունիսի 14-ին քույրերին վերջնական մեղադրանք է ներկայացվել, ընդ որում՝ դատախազությունը նշել է, որ սպանության պատճառն էր բռնությունը հոր կողմից:

Ռուսաստանցի տարբեր գործիչներ նույնպես բարձրաձայնել են, որ համաձայն չեն Խաչատրյան քույրերին ներկայացված մեղադրանքի հետ և պահանջում են նրանց ազատ թողնել: