Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։
Խուդոյանը հայտարարել էր, որ իր միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ. երեկ դատավորն արգելել էր պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվել էր։
Խուդոյանը հայտարարել էր, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշել էր, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Նշենք, որ դատարանը շարունակում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։