Ադրբեջանական կողմից որևիցե ոտնձգություն անպատասխան չի մնալու. ՀՀ ՊՆ փոխնախարար

Որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը անպատասխան չի մնալու, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով՝ պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք։

«Ազատություն». - Այն բանից հետո, երբ որ հայկական կողմը որոշակի գործողություններ իրականացրեց, պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրառում կատարեց, որ նախարար Տոնոյանը պարգևատրման է ներկայացրել այն զինծառայողներին, ովքեր պատժիչ գործողություն են իրականացրել։ Սա իր բնույթով կարծես նորություն է, ես չեմ հիշում, որ նախկինում Հայաստանի պաշտպանության նախարարները խոսեին պատժիչ գործողությունների համար պարգևատրման մասին, հատկապես սեպտեմբերյան հանդիպումից հետո, ի՞նչ է նշանակում, սրանով ի՞նչ մեսիջ է ուզում Հայաստանն ուղղել աշխարհին, Ադրբեջանին։

Բալայան. - Առաջին մեսիջը նա է, որ մարտական խնդրի կատարումը հոյակապ իրականացվել է, սահմանված ժամկետներում և ձևերով, երկրորդը, որ որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը, որը վտանգ է սպառնում, այդ թվում՝ սահմանների պաշտպանությանը, անպատասխան ու անպատժելի չի մնալու։

«Ազատություն». - Հիմա ինչպիսի՞ իրավիճակ է սահմանին, լարվածությունը գնալով աճո՞ւմ է, թե՞՝ նվազում։

Բալայան. - Անցած օրվա դրությամբ կարող եմ ասել, որ համեմատաբար ավելի հանգիստ վիճակ է եղել, քան նախորդող մի քանի օրերի ընթացքում, այսինքն՝ մեծ տրամաչափի զինատեսակներ գրեթե հակառակորդը չի օգտագործել, հիմնականում հրաձգային զենքերից են եղել։

«Ազատություն». - Ի՞նչը փոխվեց հետևաբար։

Բալայան. - Ես ձեռնպահ կմնամ ասել, թե ինչը փոխվեց, ինձ թվում է փոխվեց նրանց տրամաբանությունը, որ որևիցե կրակոց, կամ որևիցե ոտնձգություն անպատասխան չի մնում։ Մենք կարողացանք վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ դա ապացուցել, պարզապես շատ դեպքերում չենք հայտարարում պատասխան գործողությունների մասին և դրա արդյունքների մասին որոնք տեղի են ունեցել, բայց ես ուզում եմ հավաստիացնել և պատասխանատվությամբ հայտարարել, որ որևիցե դեպքում ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում և պատասխանը լինում է միանշանակ անհամարժեք, այսինքն՝ շատ ավելի ծան կորուստներ է կրում։

«Ազատություն». - Դուք ասացիք, որ արդյունքների մասին շատ հաճախ չեք հայտարարում, հնարավո՞ր է, որ առաջիկայում մենք ինչ-որ նորություններ լսենք, օրինակ, ադրբեջանական կողմի կորուստների մասին։

Բալայան. - Ես ենթադրում եմ, որ նմանատիպ հայտարարություն կարող է լինել՝ հաշվի առնելով նաև այն տրամաբանությունը, որի մասին քիչ առաջ ես խոսեցի։ Նաև ամսի 20-ին սպասվում է, արդեն հայտարարվել է, երկու արտգործնախարարների հանդիպումը Միացյալ Նահանգներում, հնարավոր է ադրբեջանական բանակը քաջություն ունենա և հայտարարի որոշակի կորուստների մասին, որ մինչև այդ չեն հայտարարել։

«Ազատություն». - Սպասո՞ւմ եք նման տեղեկության։

Բալայան. - Միանշանակ, կարող է լինել այդպիսի բան, չենք բացառում։

Նշենք, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է շփման գծում լարվածության աճի մասին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.