Մարմարաշենցիները պատրաստվում են «դուրս հրավիրել» գործարարի խոզերին

Արարատի մարզի Մարմարաշենի բնակիչները գյուղում պարբերաբար բռնկվող հոտի պատճառով կորցրել են հանգիստը, պնդում են՝ այդ հոտը նրանց նույնիսկ քնից է հանում։ Գարշահոտությունը արտագաղթելու մտքեր է ծնել։

«Նենց է ստացվում, որ գյուղը պետք է լքենք, թողնենք հեռանանք, միայն էդ հոտի պատճառով», - նշեց բնակիչներից մեկը։

Մարմարաշենցիները չեն կասկածում՝ բուրում է հենց գյուղի մեջ տեղավորված խոզաբուծարանը, քանի որ գյուղը գարշահոտությամբ է լցվել խոզերի հայտնվելուց հետո։ Նախորդ շաբաթ նրանք Երևան-Արտաշատ մայրուղին էին փակել՝ հարցին լուծում տալու պահանջով։ Համայնքապետ Էդվարդ Հակոբյանն ասում է՝ սպասում էին սեփականատիրոջը՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանին, բայց նա չեկավ։

«Վահան Կարապետը պիտի գար, եկավ այդ Կատիրնը, ասեց՝ «Ես եմ սեփականատերը» ու զարմացանք», - նշեց Հակոբյանը։

Ասում է նրանից ոչ մի սփոփիչ տեղեկություն չեն ստացել։ Ակցիան պատրաստվում են կրկնել մի քանի օրից։

Մարմարաշենցի Արուսյակ Չիթչյանն էլ ստորագրահավաքով նամակ էր ուղարկել Առողջապահության նախարարին, այնտեղից մի քանի տեսչական մարմիններին հանձնարարական է ուղարկվել։ Սպասում են բնապահպանական տեսչությունը ստուգումներ սկսի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, ըստ Արուսյակ Չիթչյանի, ավելի վաղը հոտի աղբյուրները քննել էր, բայց շատ մակերեսային, արդյունքում գյուղապետը ստացել է խորհուրդ՝ տուգանել խոզաբուծարանի տիրոջը։ Գյուղապետն էլ չի կասկածում, նրանք կտուգանվեն հաճույքով, բայց խնդիրը կմնա։

«Նրանք վազելով այդ 100 հազարը կմուծեն, տո 200 հազար, 400 հազար, 1 միլիոն կմուծեն, մենակ իրանցից պրծնեն», -ընդգծեց Էդվարդ Հակոբյանը։

Խոզաբուծարանի տարածք մտնել հնարավոր չէր, խոզերի խնամքով զբաղվում է Վանաձորից այստեղ եկած Ենգոյանների ընտանիքը, նրանք պնդեցին, որ կարանտին է և խոզերի անվտանգության նկատառումներով օտարները չպետք է ոտք դնեն այդտեղ։ Խնամողներից Աշոտ Ենգոյանը տեղում վեճի բռնվեց համայնքապետի տեղակալ Հովհաննես Գևորգյանի հետ. նրանցից մեկը հոտ զհգում էր, մյուսը ամենևին՝ ոչ։

Աշոտ Ենգոյանը նաև հերքեց, թե Վահան Կարապետյանը, ում գյուղում ճանաչում են որպես Չերրիի Վահան, կապ ունի խոզերի ու նրանցից բխող գարշահոտության հետ։ Ասաց նախկին պատգամավորը ֆերմա եկել է որպես կոնսուլտանտ։

«Իրա ծանոթինն է, ինքը 3-4 ամիսը մեկ գալիս է ստեղ, մեզ խորհուրդներ է տալիս», - նշեց Աշոտ Ենգոյանը։

Ենգոյանները հենց խոզաբուծարանի տարածքում են ապրում, նրանց տանն էլ սուր բույր կար, ասացին դա մեզնից է, որվհետև կենդանիների հետ ենք շփվում, եթե գյուղում հոտ էլ կա՝ պնդում են չմաքրվող առուներից է, խոզաբուծարանը կապ չունի։

Խոզերի արտաթորանքը տակառներով հեռացնում են, գյուղացիները պնդում են՝ այն դատարկում են հաճախ հենց գյուղի տարածքում և հենց այդ արտաթորանքն է իրենց կյանքը անտանելի դարձնում, երեխաները մոծակների կծոցներից աչք չեն բացում, անընդհատ սոդայաջրով շփումներ են անում։

«Երեկոյան էդ մեծ մոծակները, որ գալիս են ներս էրեխեքը ուղղակի փախնում են դուրս, մինչև չսատկացնես հնարավոր չի», - ասաց բնակիչներից մեկը։

Մարմարաշենցիները սպասում են տեսչական մարմինների ստուգումներին, եթե իրենց ցանկալի լուծումը՝ այսինքն հոտի վերացումը չլինի, պատրաստվում են ֆերմայի դռները կոտրել ու խոզերին դուրս հրավիրել գյուղից։