«Շատ կուզեմ, որպեսզի սա հատվածական չլինի: Լինի ավելի կուռ, ավելի համակարգային: Եվ մենք այսպիսի առանձին դեպքերով ուրախանալու առիթներ չունենանք, հետայսու վստահ լինենք, որ ցանկացած քայլ, ցանկացած ուղղակի միջամտություն անարձագանք չի մնա», - նշեց Բաբաջանյանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Քոչարյանին դեսպանը հանդիպել է հունիսի 13-ին, մեկ օր անց դեսպանատունը հայտարարություն տարածեց, թե այն հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակում է եղել:
Երկու օր անց այս հանդիպման վերաբերյալ դժգոհություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ չի ողջունում այն: Երեկ էլ Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրեց․ Արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն իրեն տեղեկացրել է, որ ուրբաթ օրը ԱԳՆ-ում դեսպանի հետ եղել է զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:
«Այս որակի ուղերձը մեր դաշնակցին աննախադեպ է, նախկինում հատվածական կսմիթներ են եղել», - ասաց Արման Բաբաջանյանը: - «Եվ ես կարծում եմ, որ սա մեր ռուս գործընկերներ մոտ հասկացողություն կգտնի, որ Հայաստանում իսկապես փոփոխություններ բերել են նաև արժանապատվության հետ կապված կարևոր փոփոխություններ, և մենք այլևս վասալի և տիրոջ հարաբերություններին ցտեսություն ենք արել, և փնտրում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները արժանապատվության վրա կառուցելու ուղիներ և հնարավորություններ»:
Դիվանագիտական առումով բավականին կոշտ ուղերձ է դեսպանի հետ ԱԳՆ-ում Հայաստանի ինքնիշխանության թեմայով զրույցը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նման դեպք նախկինում չհիշեց պատգամավորը, բայց շատ կուզենար անձամբ արտգործանախարարից լսել՝ կոնկրոտ ի՞նչ շեշտադրմամբ է քննարկվել Քոչարյանի եւ դեսպանի հանդիպումը․ - «Դիվանագիտական առումով ինքը բավականին կոշտ ուղերձ է, հասկանալի առումով կոշտ ուղերձ է: Թե որն է այդ ուղերձի պատճառը, այդ ուղերձը զուտ այս գործի տիրույթում էր, թե ինքը շատ ավելի պատմություն ունի, որի մասին ես և դուք տեղեկացված չենք, և քանի որ ինձ մոտ կա ինֆորմացիայի իսկապես կրիտիկական պակաս այս ամբողջ պատմության վերաբերյալ, ես կդժվարանամ շատ ավելի ամփոփ գնահատական տալ»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցում հարցին անդրադառնալով ասաց, որ այս բովանդակությամբ զրույցներ ռուս գործընկերների հետ նախկինում էլ են եղել:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հետևություններ չեն արվել, խորհրդարանի ղեկավարը պատասխանեց․ - «Ռուսաստանի դեսպանի հետ ես ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, և բազմաթիվ հարցեր ենք քննարկել, այդ թվում նաև խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին, հայ ժողովրդի դիրքորոշումները հարգելու մասին»:
Անդրադառնալով դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը՝ Միրզոյանն ասաց․ - «Դե հիմա մարդը մի անգամ հանդիպել ա, մենք էլ չենք ողջունում, ես ինքս չեմ ողջունում: Արտաքին գործերի նախարարություն դեսպանին հրավիրել են, ինչ որ զրույց ա եղել: Ես մանրամասներին տեղյակ չեմ: Բայց հեռուն գնացող հետևություններ, կարծում եմ, որ պետք է անել»:
«Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերին իշխանության արձագանքը կոշտ է ոչ միայյն գործընկեր Ռուսաստանի նկատմամբ», - Վստահեցրեց արարատ Միզրոյանը: Ավելացրեց, որ քաղաքական գործիչների հետ հանդիպումներին առարկություններ չունեն, բայց Ռոբերտ Քոչարյանն անցնում է քրեական գործով, լուրջ մեղադրանք է նրան առաջադրված, դատական գործընթացը շարունակվում է եւ այդ ընթացքում դեսպանի մակարդակով հանդիպումները կարող են դիտարկվել միջամտություն: