Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի, մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։
Ավելի վաղ Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր այդ միջնորդությունը։
2008-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձևավորված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, բացի այդ, Դանիելյանը Մարտի 1-ի գործով մի քանի վճիռներ ունի, որոնք, Սաֆարյանի գնահատմամբ, արդարացի չեն: