Պատկերասրահից գողացված նկարը փորձել են վաճառել 60 հազար դոլարով

Իսահակ Լևիտանի «Գարնանային բնանկարը»

Անցած դարի 80-ականներին Ազգային պատկերասրահից անհետացած երկու գործեր են գտնվել՝ Իսահակ Լևիտանի «Գարնանային բնանկարն» ու հոլանդացի Մաթիաս Բրասաուի «Որսորդը»:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Օհանյանի խոսքով՝ 7 տարի առաջ թանգարանային թանկարժեք գործերի անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել: Վարույթը կասեցվել էր, քանի որ որևէ մեղադրյալ չէր հայտնաբերվել․ - «Այնուհետև, ինչպես այս, այնպես էլ բոլոր քրեական գործերով շարունակվել էր օպերատիվ-հետախուզական գործունեությունները հանցավորին ի հայտ բերելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Եվ 2019 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքի երկու բնակիչներ առնչություն ունեն սույն քրեական գործով հափշտակված երկու առարկաների գտնվելու վայրի հետ և ցանկանում են իրացնել դրանք»:

Նորություն հիմա կա․ գողացված նկարի տերերը որոշել էին այն վաճառել․ - «Հունիսի 13-ին, անմիջապես գործարքի կատարումից հետո, բերման են ենթարկվել նշված առարկաների իրացման հետ առերևույթ կապ ունեցող անձինք, որոնցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է Մաթիաս Բրասաուի «Որսորդը» նկարը: Իսկ հետագա քննչական-դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև Լևիտանի «Գարնանային բնանկար» նկարը:

Նկարների գողության մեջ կասկածվող երկու երևանցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Իսկ կտավներն այժմ Քննչական կոմիտեում են:

Ի դեպ, «Որսորդը» կտավը, եթե իրավապահները գործարքը չկանխեին, պետք է վաճառվեր 60 հազար դոլարով, Լևիտանը էտյուդը՝ է՛լ ավելի թանկ:

Այս գործով նախաքննությունը շարունակվում է:

Գոռ Օհանյանը փոխանցեց, որ դեռևս պարզ չէ՝ անձամբ կասկածյալնե՞րն են հափշտակել նկարները, թե այլ ճանապարհով են դրանք հայտնվել նրանց մոտ: