Արա Խզմալյան․ Ստեղծարար մթնոլորտի համար մասնագիտական հանրության համերաշխություն է հարկավոր

Արա Խզմալյան, արխիվ

Տասնամյակներ շարունակ մշակույթի ոլորտում ամենատարբեր հիմնախնդիրներ այդպես էլ լուծում չեն գտնում, ավելին՝ կյանքն առաջ է շարժվում և, բնականաբար, նորանոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ոլորտի ղեկավարներից յուրաքանչյուրն էլ իր մոտեցումն ունի այս կամ այն խնդիրը կարգավորելու համար, կամ նույնիսկ է'լ ավելի խորացնելու, անգամ, ինչպես ասում են, «չեղած տեղից նոր խնդիրներ ստեղծելու»:

Բոլորովին վերջերս Արա Խզմալյանը ստանձնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը: Նրան մշակույթի ոլորտի մարդիկ լավ են ճանաչում՝ մասնագիտությամբ թատերագետ է, արվեստագիտության թեկնածու, աշխատել է Արվեստի ինստիտուտում, Գրականության և արվեստի թանգարանում, դասավանդել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատել է Մատենադարանում և այլն: Բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր է իրականացրել, կազմակերպել թատերական փառատոներ, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների:

Արա Խզմալյանը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում շեշտեց, որ տեղյակ է ոլորտի ամենակարևոր հիմնախնդիրներին:

«Առաջին հրատապ խնդիրը՝ կարգավորել բոլոր այն հակասությունները, որ ձևավորվել են, չկարգավորված խնդիրները, որովհետև համոզված եմ, որ ստեղծագործական, ստեղծարար մթնոլորտի համար մասնագիտական համերաշխություն, մասնագիտական հանրության համերաշխություն է հարկավոր», - ասաց փոխնախարարը: «Խոչընդոտող, արհեստականորեն իրականությունը լարող բոլոր օջախները պետք է մարենք և անցնենք բնականոն, նորմալ ստեղծագործական հարաբերությունների», - հավելեց նա:

«Իսկ ավելի գլոբալ՝ ես կարծում եմ, որ մշակույթը համակարգող գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը միջազգային համագործակցությունն է: Մենք պետք է լայն բացենք մեր դռները միջազգային պրոցեսների հանդեպ, մենք պետք է ընդգրկվենք միջազգային պրոցեսների մեջ, որովհետև որևէ պետություն, որևէ ստեղծագործող 21-րդ դարում չունի հեռանկար, եթե նա համաշխարհային, միջազգային հանրության հետ համակեցության մեջ չէ», - նշեց Խզմալյանը՝ շարունակելով․ - «Մենք ունենք այդ ռեսուրսը, ես վստահ եմ հայ մարդու տաղանդի վրա, ես հավատում եմ, որ հայ մարդը ունի ստեղծարար միտք, և պետք է պարզապես դնել միասնական տրամաբանության մեջ և հստակ որոշել այն մեխանիզմները, որոնցով մեր այս ռեսուրսը կներկայացվի միջազգային հանրությանը»:

Դիտարկմանը, որ դրա համար նաև ֆինանսներ են պետք՝ որտեղի՞ց են հայթայթելու, ի՞նչ կերպ, հատկապես թատրոնների համար, փոխնախարարն արձագանքեց․ - «Երկու կարևոր խնդիր ունենք՝ մեկը՝ ի վերջո պետական բյուջեի առավել օպտիմալ օգտագործումը, ես վստահ եմ, որ այստեղ շատ անելիքներ ունենք, պետական բյուջեի բաշխման մեխանիզմները պետք է հստակեցնել և ստեղծագործական կոլեկտիվների աշխատանքի արդյունավետության մեխանիզմները, դրա չափման մեխանիզմները պետք է հստակեցնել, և անպայման մշակույթը դարձնել այնպիսի վարկանիշ ունեցող մի ոլորտ և օրենսդրորեն ապահովել դրա հիմքերը, որ մեկենասները և բարերարները մշտական կապի մեջ լինեն և շահագրգռված լինեն մշակութային գործիչների հետ համագործակցել: Սա շատ կարևոր է, ամենակարևոր խնդիրներից է, որովհետև աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում, շատ քիչ էդպիսի օրինակներ կան, որ ամբողջ բեռը մշակութային և գեղարվեստական կրում է պետությունը»:

«Եվ մենք ունենք մի կարևոր խնդիր՝ մշակութային գործունեությունը մասնագիտացնել: Ցավոք սրտի, ավանդաբար, իներցիայով մշակույթը կրում է հսկայական սոցիալական բեռ, որը խանգարում է մասնագիտական օջախների, մասնագիտական խմբերի միջազգային առաջընթացին: Այսինքն՝ էդ սոցիալական ֆունկցիան մշակույթի խժռում է այն պաշարը, որը պետք է ուղղվի մասնագիտական հանրությանը», - ընդգծեց Արա Խզմալյանը:

«Անընդմեջ խոսվում է թատրոնների բեռը թեթևացնելու հնարավորության մասին օրենսդրորեն, այսինքն՝ օրենսդրական փոփոխություններ անելով: Դուք պատրա՞ստ եք այդպիսի նախագծեր ներկայացնել մշակույթի աջակցության համար՝ կինոյի օրենքը, թատրոնի», - այս հարցին փոխնախարարն արձագանքեց․ - «Հիմա կինոյի օրենքը ամսի 17-ին Ազգային ժողովում կա քննարկում, բայց այն, որ մենք լուրջ խնդիրներ ունենք օրենսդրական դաշտի հետ, որ պետք է օրենքները բխեն տվյալ ոլորտի տրամաբանությունից, որ պետք է օրենքները ադապտացվեն տվյալ ոլորտի գործունեությանը և առանձնահատկություններին, սա փաստ է: Եվ մեր կարևորագույն խնդիրը նաև լինելու է այս մեսիջները, այս խնդիրները համապատասխան գերատեսչություններին հասցնելը, բացատրելը: Ես լավատես եմ և հավատում եմ, որ եթե մասնագիտորեն մենք հիմնավորենք օրենքների փոփոխության անհրաժեշտությունը՝ պետական գնումների խնդիրը կլինի, աշխատանքային ժամերի և այլն, եթե մենք կարողանանք իսկապես հիմնավորված և մասնագիտորեն բացատրել նույն Ֆինանսների նախարարությանը, կառավարության այլ անդամներին, ես կարծում եմ, որ կկարողանանք սայլը տեղից շարժել»: