Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի հերթական ընտրությունն է: Խորհրդարանական խմբակցություններից վերջին հանդիպումն այսօր «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների հետ էր: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր եկել, մասնակցում էին փոքրաթիվ պատգամավորներ: Դռնփակ քննարկումից կես ժամ անց հստակ դիրքորոշմամբ դուրս եկավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես անձամբ մտադիր եմ դեմ քվեարկել, բայց քանի որ ես ֆրակցիայի անդամ եմ վերջնական որոշումը կլինի՝ քվերակությամբ կիմանաք», - նշեց Պետրոսյանը։
Պատգամավորի դիրքորոշումն անսպասելի չէր թեկնածու Վահե Գրիգորյանի համար: «Դե, ճիշտն ասած, կողմ կամ դեմ քվեարկելու հետ կապված կոնկրետ պարոն Պետրոսյանի մասով առանձնապես պատճառ, ինձ թվում է, շատ պետք չէր», - ասաց Գրիգորյանը։
Պետրոսյանին վրդովեցրել էր թեկնածուի այն միտքը, թե դատախազությունը գործադիր իշխանության մաս է: Զարմանալի ոչինչ չկա, հակադարձեց Վահե Գրիգորյանը և բացատրեց․ «Զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող պետությունների մեծամասնությունում դատախազությունը ոչ միայն դիտարկվում է որպես գործադիր իշխանության մաս, այլև մտնում է գործադիր իշխանության կառույցների ներքո»։
Պետրոսյանը հետարքրքվել է նաև դատարանների դռներն արգելափակելու վերաբերյալ Վահե Գրիգորյանի դիրքորոշմամբ: Պատասխանից դժգոհ էր:
«Ինքը ասաց, որ ինքը դեմ է, որ դատարանների դռները փակվեն։ Գտնում է, որ դա Սահմանադրությանը հակասող է, բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական, այստեղ եղել է կոչ», - ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։
Դռնփակ նիստից իր անունից լրագրողներին փոխանցած մտքերից Վահե Գրիգորյանը զարմացավ. նման բան չի ասել:
«Լուրջ չի։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ դեմ եմ, որպեսզի վարչապետը հանձնարարի պետական կառույցներին փակել դատարանների դռները, բայց նման բան չի եղել, դա եղել է իր հարցադրման մեջ եղած փաստերի շարադրանքը, որը, ըստ էության, ինքը աղավաղել էր և ես ուղղել եմ։ Ես առհասարակ ազնիվ չեմ համարում off record քննարկումների ժամանակ դուրս գալ, ասել բաներ՝ իմանալով, որ մյուսը հարգելու է այդ off record ֆորմատը ու երկար պարզաբանումներ չի տալու։ Ես այդ պարզաբանումները հիմա չեմ տալու, և ես խոստանում եմ՝ այդ պարզաբանումները բոլոր մանրամասնություններով Ազգային ժողովի նիստի ընթացքում ներկայացնել, եթե նույնիսկ որևէ մեկը հարց չտա», - նշեց ՍԴ անդամի թեկնածուն:
ԲՀԿ-ի դիրքորոշումը դեռ հայտնի չէ: Քննարկմանը մասնակցած այլ պատգամավորներ չասացին՝ ինչպես են քվեարկելու: «Լուսավոր Հայաստան»-ն էլ դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել: Առանձին պատգամավորներ չեն թաքցրել, որ դեմ են քվեարկելու: Իշխող մեծամասնություն «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումն էլ չի հրապարակվել, բայց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն հայտարարել է, որ դրական է վերաբերվում այս թեկնածությանը:
«Շատ բաց և բոլոր հուզող հարցերի վերաբերյալ քննարկում է եղել, բայց ես նաև հասկանում եմ, որ նման հարցերի վերաբերյալ որոշումները առաջին հերթին քաղաքական են լինում խմբակցությունների կողմից։ Ինչպիսին կլինի քաղաքական որոշումը, դա արդեն այլ հարց է», - ընդգծեց Վահե Գրիգորյանը։
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովում երկրորդ անգամ է քննարկվելու: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ նրան առաջադրել էր անցած տարի ՝ հեղափոխությունից հետո: Ընտրությունը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը: