Վկայի կարգավիճակ ունեցող պատգամավորը, ըստ Քննչական կոմիտեի, առաջին անգամ պատռել էր ծանուցումը և չէր ներկայացել:
«Հենց սխալ դա է, որ ինձ վիրավորել են, որ ինձ ծանուցագիր են ուղարկել: Ում պետք ա, թող ուղարկեն», - այսօր ասաց Ծառուկյանը:
Հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալ չկա: Տուժողը՝ «Քաղաքացիական պայմանագրի» պարտված թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի պետ Վահան Սարիբեկյանը դեպքը պայմանավորել էր քաղաքապետի ընտրություններով: Իսկ իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի աջակցությունը վայելող գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն էր, ով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին հաղթել է մոտ 400 ձայնի տարբերությամբ:
ԲՀԿ ղեկավարը օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ ընտրություններից մեկ օր առաջ տեղի ունեցած այս դեպքը շինծու է և նպատակ էր հետապնդում ազդել քվեարկության արդյունքների վրա:
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, Ծառուկյանը հայտարարեց՝ եթե գործը չբացահայտվի, ուրեմն իր տեսակետը ճիշտ էր․ - «Դրա համար իրենք պետք է համապատասխան իրենց մասնագիտական գործը կատարեն, այդ հարցը բացահայտեն»:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանին զարմացրել է ԲՀԿ առաջնորդի վիրավորված լինելու հանգամանքը
«Նախաքննական մարմնի կողմից ծանուցում ստանալը կամ հարցաքննության հրավիրվելու մեջ որևէ վիրավորական բան չկա», - ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել, եթե վերջինս կրկին հարցաքննության չներկայանա․ - «Մենք միանգամից բերման ենթարկելու իրավունք ունենք իրան»:
Ծառուկյանն իրադարձությունների զարգացման նման սցենարն այսպես է մեկնաբանում․ - «Որևիցե մեկի իրավունքներն էլ լավ գիտեմ, ամեն մարդու իրավունք էլ: Մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն և բարի լինեն գործը բացահայտել: Դա Քենեդու սպանությունը չէր: Ամբողջ քաղաքը կա կամերաներ, ամբողջ ժողովուրդը խոսում ա»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկինում Ծառուկյանի թեկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ընտրությունների օրն ասել էր, թե Աբովյանը «գործ տվողների» քաղաք չպետք է լինի։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ծառուկյանը կարծիք հայտնեց, որ Բաբայանը գործ տվողներ ասելով այլ բան նկատի ուներ․ - «Նա ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոքներ գրելու: Դրա մասին ա եղել խոսքը»: