Ադրբեջանը հայտնվել է բանակցային փակուղում ու փորձում է վերադառնալ ռազմական ճնշման դիվանագիտությանը․ փորձագետ

ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Անցած տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո առաջին անգամ և հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ՝ լրջորեն սրվել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին․ նախորդ մոտ երկու շաբաթվա ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը հայտարարեցին հակառակորդի կրակոցներից երկուական զոհերի մասին:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համեմատած նախորդ մի քանի ամիսների հետ՝ ակնհայտ է, որ լարվածության աճ կա:

«Իրավիճակ է փոխվում, կրակոցները շատացել են, ինչպես նկատեցիք, զոհեր կան, դա մի փոքր ավելի է լարվածության աստիճանը, քան նախկին ամիսների ընթացքում», - նշեց Հովհաննիսյանը։

«Ազատության» հարցին, թե դա ինչո՞վ է բացատրում, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող նման գնահատական տալ, դա կարող է ունենալ շատ տարբեր պատճառներ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ զինվորական»։

Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե գումարտակի հրամանատար, մայոր Ագիլ Օմարովը սպանվել է հայկական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից:

Երկու օր անց՝ հունիսի 1-ին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց ժամկետային զինծառայող, 2000 թվականին ծնված Սիփան Մելքոնյանի մահվան մասին:

Հունիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց զինծառայող Էլշան Խալիլովի զոհվելու մասին՝ «հակառակորդի կրակոցից»:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»:

Երեկ երեկոյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց հակառակորդի կրակոցից հայկական կողմի երկրորդ զոհի մասին՝ զինծառայող, 1999 թվականին ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյան:

Զոհերի մասին հաղորդագրություններին զուգահեռ՝ նախորդ օրերին կողմերը միմյանց մեղադրեցին տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակների, ականանետերի ու նռնականետերի կիրառման մեջ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը հայտնվել է բանակցային փակուղում ու փորձում է վերստին անցնել նախորդ տարիներին կիրառած ռազմական ճնշման դիվանագիտությանը, սակայն նորությունն այն է, որ հայկական կողմը փոխել է մոտեցումը և արձագանքում է կտրուկ:

«Իրավիճակը ավելի բարդացավ, երբ որ Ադրբեջանից պահանջեցինք հստակ դիրքորոշում ցուցաբերել, և բանակցությունները եթե վերսկսվեն, ինչ-որ արդյունքի բերեն։ Որևէ քայլի Ադրբեջանը չգնաց, բացարձակապես չցուցաբերեց պատրաստակամություն՝ ինչ-որ մի բան անի։ Բնական է՝ նորից վերադառնում է իր, էսպես կոչված, ռազմական դիվանագիտությանը, գուցե մի քիչ ավելի մեղմ, ավելի ցուցադրական՝ ինչ-որ բանակը ֆլեշմոբ է անում, դրոշ է հանում՝ ամեն կերպ ուշադրությունը սևեռելու իր պրոբլեմների վրա։ Որ մանավանդ հանդիպում պետք է լինի, արդեն հայտարարվել է, Վաշինգտոնում արտգործնախարարների, երևի ուզում են ինչ-որ ֆոն ստեղծեն», - ասաց Մանվել Սարգսյանը։

Ըստ վերլուծաբանի, Հայաստանն ուղերձ է հղել, որ Ադրբեջանի որևէ գործողություն անպատիժ չի մնա։ «Դա արդեն էս քաղաքական կողմի ցուցադրությունն է իրենց հայտարարած նոր մոտեցումների, այսինքն ժամանակին հայտարարվել է չէ՞, որ կոնցեպտ է փոխվելու, այսինքն փաստորեն Ադրբեջանը իր գործողությունների համար պիտի պատժվի», - նշեց Սարգսյանը։

Այսօր տեղեկացնելով հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացվելիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, միևնույն ժամանակ, նշել է․ «Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր: Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ, խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»։