Հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներն ու համանախագահները Բրյուսելում, 11-ը հուլիսի, 2018թ.

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում, Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։

«Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը», - ասված է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

«Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Ի պատասխան հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին՝ հունիսի 12-ին էլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը տեղեկացրեց, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմը հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հավաստմամբ, «առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»:

Նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ արեց ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»: