Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը լավ առիթ է՝ ամփոփելու և գնահատելու խորհրդի առաջին նիստից հետո կատարված աշխատանքները և ուրվագծելու գործընկերության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը։

Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է կառավարության որդեգրած բարեփոխումների և զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականությունը: Մնացականյանն ընդգծել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքէջի, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի շուրջ:

Բարձր հանձնակատարի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը և այս տեսակետից կարևորել է հրադադարի անվերապահ պահպանումը և ամրապնդումը: Երկուստեք արժևորեց վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։