Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո գործադիրի առաջին նիստի ժամանակ վարչապետը առաջարկեց կառավարության հեռացող անդամներին ծափահարություններով ճանապարհելու մշակույթ ներդնել և կարծիք հայտնեց, որ հետագայում Զեյնալյանի ներուժը կօգտագործվի պետության կառավարման գործում:
«Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում», - ասաց վարչապետ Փաշինյանը:
Նիստին ներկա Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը լրագրողներին փոխանցեց, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել: Վստահեցրեց նաև, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի և կառավարության անդամների միջև դատական համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու հարցի շուրջ հակասություններ չեն եղել․ - «Ե՛վ իր հանրային ելույթները կարող եք հետևել, և՛ կառավարության դիրքորոշումը կարող եք համեմատել: Տարբերություններ չկան»:
Արդարդատության նախարարի պաշտոնում մամուլում շրջանառվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի անունը:
Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ պնդելով, որ նման առաջարկ չի ստացել:
Ավելի քան մեկ տարի պաշտոնավարած Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց հունիսի 7-ին, իսկ հունիսի 12-ին նախագահի հրամանագրով ազատվեց Արդարադատության նախարարի պաշտոնից: Զեյնալյանն ըստ էության չպարզաբանեց իր հրաժարականի պատճառները:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատության» եթերում կարծիք հայտնեց, թե նրա հեռացման պատճառ այն էր, որ նա չկարողացավ հեղափոխության ծանր բեռը հաղթահարել․ - «Արտակը իմ ընկերն է շատ հին ժամանակներից, և շատ եմ ուրախացել, որ ինքը նշանակվել էր նախարար: Սակայն չկարողացավ այդ հեղափոխական ծանր բեռը տանել: Պատճառները երևի ճիշտ կլինի, որ նախարարությունը վերլուծի և բացատրի, թե ինչու մինչև Քոչարյանին երկրորդ անգամ ազատ արձակելը, անցումային արդարադատության՝ այդ թվում քննազտման կամ վեթինգի կամ մնացած այլ բաների ուղղությամբ շոշափելի գործ չի արվել: Եթե արվել է, ինչո՞ւ մենք տեղյակ չենք»:
Փոխնախարար Աննա Վարդապետյանը հայտնեց, որ աշխատանքները շարունակվում են, և դատական համակարգի արմատական բարեփոխմանը վերաբերող փաստաթղթերի նախագծային փաթեթը սեղմ ժամկետներում կդրվի հանրային քննարկման:
«Առանձին անցումային արդարադատության մասին օրենք լինել չի կարող, անցումային արդարադատությունը գործիքակազմ է և ոչ թե գործընաց: Նույնկերպ վեթինգը․ վեթինգի մասին արդյունավետ օրենք լինել չի կարող, եթե ինքը ոլորտային օրենսդրության մեջ փոփոխություն չի ենթադրում: Բազմիցս ինձ էլ են հարցրել, թե ինչու է անցումային արդարադատությունը ուշանում: Անցումային արդարադատությունը չի ուշանում: Եթե պետությունը որոշում է անցում կատարել մեկ ֆորմացիայից դեպի մյուսը, պետության անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի քարտեզագրի խնդիրները: Եվ վերջին մեկ տարին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ազգային ժողովը զբաղված էին դրանով: Հիմա արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում օրենսդրություն փոխելու հնարավորինս սեղմ ժամկետներում և էդ բարեփոխումները իրականացնելու այդ բարեվարքության գնահատումը, կամ վեթինգը»:
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի նախագիծը գտնվում է միջազգային փորձաքննության փուլում և մոտ ժամկետներում դիտողություններով ու առաջարկներով կուղարկվի նախարարություն՝ լրամշակման համար:
Մինչ այդ փոխնախարարը հստակեցնում է, որ ունեզրկում տերմինը օրենքի համար տեղին չէ․ օրենքը վերաբերվում է ապօրինի ճանապարով ձեռք բերված գույքին և ոչ թե անձին․ - «Ապացուցման ողջամիտ հավասարակշռություն կա նախագծի մեջ»: