Թրամփը պատրաստ է արտասահմանից տեղեկություն ստանալ ընդդիմախոսների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 12-ը հունիսի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ 2020 թվականի ընտրությունների շրջանում կցանկանա ընդունել օտար երկրների տրամադրած տեղեկություններն իր մրցակիցների մասին, պնդելով, որ նման գործելակերպը չի նշանակի այլ երկրների միջամտություն ամերիկյան ընտրական գործընթացին:

Երեկ պատասխանելով ABC News հեռուստակայանի այն հարցին, թե արդյո՞ք իր խորհրդականները պետք է տեղեկություններ ստանան Չինաստանից, Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից, նա ասել է, թե հարկ է լսել բոլորին:

«Եթե զանգահարեն, օրինակ, Նորվեգիայից և ասեն, որ տեղեկություն ունեն մրցակցի մասին, դու պետք է իմանաս այդ տեղեկությունը, այո, կարծում եմ, ես կցանկանամ դա իմանալ»,- ասել է Թրամփը:

Նախագահի ընդդիմախոսներից դեմոկրատ Ջո Բայդենը քննադատել է Թրամփին այդ մեկնաբանության համար:

«Թրամփը վերստին ողջունել է արտասահմանյան միջամտությունը մեր ընտրություններին: Սա քաղաքականության հարց չէ, սա ազգային անվտանգության հարց է: ԱՄՆ որևէ նախագահ չպետք օգնություն ստանա արտասահմանից և խրախուսի նրանց, ովքեր ցանկանում են խարխլել մեր դեմոկրատիան», - Թվիթերում գրել է Բայդենը:

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնած Թրամփի դեմոկրատ ընդդիմախոսներից մի քանիսը՝ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը, Քիրսթեն Ջիլիբանդը և նախկին կոնգրեսական Բետո Օ'Ռուրքը նորից կոչ են արել իմպիչմենտի ենթարկել նրան:

Թրամփը հերքում է 2016 թվականին ռուսների աջակցությամբ նախագահ ընտրվելու վարկածը:

Ընդամենը մեկ ամիս առաջ Թրամփը հավաստիացրել էր, որ 2020 թվականի նախագահական ընտրարշավում չի օգտագործի մրցակիցների մասին օտարերկրացիների փոխանցած տեղեկատվությունը: