Երկրպագուները Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Եվրո 2020-ի եզրափակիչ փուլում տեսնելու հույսեր են փայփայում

Երեկ Աթենքում Հունաստանի ընտրանու նկատմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարած դժվարին հաղթանակը երկրպագուների շրջանում Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հույսեր է արթնացրել:

Այս հաղթանակից հետո Հայաստանն ունի 6 միավոր և ընտրական մրցաշարի J խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Առաջին խաղակեսն անցավ մեր ընտրանու առավելությամբ: Նախ սուր անկյունից կատարված հարվածից հետո աչքի ընկավ Անդրանիկ Կարապետյանը, այնուհետև Գևորգ Ղազարյանը մրցակցի տուգանային հրապարակում գնդակը ստանալով շրջանցեց Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիսին և անկասանելի հարվածով հաշիվը դարձրեց 0։2։

Ընդմիջումից հետո հույներն ավելի ակտիվ էին, մեկ գնդակ հետ բերեցին: Տանտերերի ուրախությունը, սակայն, երկար չտևեց․ արագ հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Խաղավարտին հույներին կրկին հաջողվեց հաշվի տարբերությունը նվազագույնի հասցնել: Տանտերերը թեև վերջին րոպեներին լուրջ ճնշում էին գործադրում, այնուամենայնիվ նրանց ավելին անել չհաջողվեց։

«Շատ լավ էր, որ մեր երեք հարձակվողներն էլ երկու խաղում գոլ խփեցին: Երկուսն իրենց ակումներում շատ լավ էին խաղում: Ղազարյանի պահով ինքը դեռ ակումբ չունի, բայց էլի լավ մարզավիճակում ա գտնվում», -

Երկրպագուներն ասում են, որ Երևանից այնպես են աջակցել հավաքականի տղաներին, որ վնասել են ձայնալարերը: Red Eagles ֆան ակումբի անդամները մայրաքաղաքի փաբերից մեկում ֆուտբոլային մթնոլորտ էին ստեղծել

«Շատ ուժեղ էին էմոցիաները, անբացատրելի էմոցիաներ էր: Շատ ուրախացանք մեր հավաքականի հետ, միշտ նրանց կողքին ենք», - ասաց ակումբի անդամներից մեկը:

Սիփան Ազիզյանը հանդիպմանը հետևել է Աթենքի մարզադաշտի տրիբունայից․ - «Հիանալի խաղացին տղաները»:

Սիփանը շփվել է նաև թիմի հետ, ասում է՝ հավաքականում մթնոլորտը շատ լավն էր․ - «Տրամադրվածությունը նրանց շատ լավ էր խաղից առաջ: Դա վստահություն էր տալիս, որ կարող ենք հաղթել, քանի որ բազմիցս նկատել ենք, որ մեր հավաքականի խաղը կախված է հենց տրամադրվածությունից»:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ Շվեդիայում հանդես եկող Լևոն Փաչաջյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հատկապես հանդիպման մեկնարկը մեր ընտրանին հաջող անցկացրեց․ - «Առաջին 15-20 րոպեներին պահը պահի վրա ստեղծում էինք: Հույները կարելի է ասել շոկի մեջ էին, երևի չէին սպասում, որ էդպես ռիսկով ֆուտբոլ կխաղան մերոնք»:

Այդուհանդերձ, ըստ Փաչաջյանի, պաշտպանությունում խնդիրներ կային․ - «Եղան բացթողումներ, պաշտպանությունում խնդիրներ եղան, արագությունները մի քիչ չէին հասցնում երևի»:

Հայաստանի հավաքականի հանդիպումները տարիներ շարունակ մեկնաբանող Էդուարդ Քալանթարյանը անկեղծացավ՝ ասելով, որ շատ վաղուց դրական էմոցիաներ հավաքականի խաղից չէր ունեցել․ - «Հունաստանում ցույց տված խաղը նորից արթնացրեց այդ ամենը, որովհետև կար ինչ մեկնաբանել, կար ինչի մասին խոսել և կար վերջապես «գոլ» բացականչելու հնարավորություն մի պատասխանատու խաղում, որտեղ միգուցե շատերը մեր տղաներից չէին սպասում: Հետևաբար շատ ուրախ եմ, որ նորից առիթ ունեցա այպիսի խաղ մեկնաբանել»:

Այդուհանդերձ, մեկնաբանի գնահատմամբ, առայժմ վաղ է խոսել հավաքանաի՝ Եվրո 2020-ի եզրափակիչ փուլ անցնելու շանսերի մասին․ - «Շանսերի մասին գիտեք երբ կարելի է խոսել, երբ կմնա երկու տուր, և մենք իրական հնարավորություն կունենանք գոնե երկրորդ տեղ գրավելու: Այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ ինչ-որ բանի համար պայքարում ենք: Բայց առայժմ շատ շուտ է ասել, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն»:

Եվրո 2020-ին մասնակցելու ուղեգիր կնվաճեն ընտրական փուլի խմբերի լավագույն երկու հավաքականները, ևս չորս ուղեգիր կխաղարկվի Ազգերի լիգայի շրջանակում:

Սեպտեմբերին Հայաստանի ընտրանին տանը նախ կընդունի Իտալիայի, ապա Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականներին: Իտալիայի խաղամակարդակն անհամեմատ բարձր է, իսկ բոսնիացիների հետ առաջին հանդիպումը, որն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, ըստ Քալանթարյանի, ցույց տվեց, որ նրանք ամենևին էլ սարսափելի մրցակից չեն, և կարելի է դրական արդյունքի հասնել։