Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ընթացավ լարված մթնոլորտում

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հովանոցներով և սառցարաններով նիստից դեռ երկու ժամ առաջ Վերաքննիչ դատարանի մոտ էին: Քոչարյանի պաշտպանության ակցիայի միայն սկիզբն էր խաղաղ: Մեկ ժամ անց իրավիճակը սրվեց:

Լեզվակռիվ սկսվեց աջակիցների և արգելապատնեշի մոտ հավաքված այլ քաղաքացիների միջև, որոնք «Սասնա ծռեր»-ին պաշտպանող կոչեր էին անում: Լեզվակռիվը վերածվեց քաղաքական մեղադրանքների, ապա վիրավորանքների: Միջամտեցին իրավապահները: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերը բավարար չէին, օգնության եկան կարմիր բերետավորները:

«Քոչարյան հուպ տուր» կոչերին մյուս կողմը հակադարձում էր «Քոչարյան հանցագործ», վանկարկումներով: Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը կողմերին զգուշացրեց. «Որևիցե մեկը կոչեր, սպառնալիքներ հնչեցրեց, միանգամից բերման է ենթարկվելու բաժին»։

Ոստիկանների զգուշացումներից քիչ անց կրկին ակտիվացան: Փոխադարձ վիրավորանքներին ու մեղադրանքներին փոխարինեցին վուվուզելները: Քոչարյանի կողմնակիցները այդպիսով խլացնում էին իրենց համար անհաճո վանկարկումները:

Դատարանում էր նաև Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Դարձյալ կրկնեց՝ արյունոտ Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, ազատության մեջ նա վտանգավոր է:

«Ժողովրդից թալանած փողերը բաժանվում է նորից ժողովրդին, որ գան իրեն աջակցեն, բայց ոչինչ չի փրկի։ Սա ժամանակավոր բնույթ է կրում, նա անմիջապես նորից կալանավորվելու է, ես հավատում եմ», - ասաց Սարգիս Քլոյանը։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն էլ դժգոհեց Մարտի 1-ի գործի քննության արդյունքներից: Հիշեց՝ դեռ մեկ տարի առաջ էր վարչապետ Փաշինյանը հայտարարում գործի բացահայտված լինելու մասին, բայց սպանության կասկածանքով դեռևս մեկ անձ է կալանավորվել:

«Հայտարարությամբ պետք է 10-ն էլ բացահայտված լիներ, և դեռևս պարզ չի ու իմ կարծիքով՝ դժվար էլ լինի», - նշեց Քոչարյանի աջակիցներից մեկը։

Ակցիան շարունակվեց մինչև նիստի ավարտը: Լուրջ միջադեպեր չարձանագրվեցին, որևէ մեկը բերման չենթարկվեց: