Երեկ խորհրդարանի կողմից Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության զոհերին վարկաբեկող հայտարարությունները դատապարտող բանաձևի ընդունմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները մեկ անգամ ևս ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման հարցերում: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ այսօր հանդիպելով Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Մարտին վան Հելֆետին։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական բնագավառի փոփոխությունների, տնտեսական հավասար պայմանների խթանմանն ուղղված քայլերը։
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների և դրանց իրագործման համար խորհրդարանական աջակցության կարևորության շուրջ։