Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը

Դատավոր Արմեն Դանիելյանը հետաձգեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը մինչև հունիսի 14-ը, ժամը 10։30-ը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։

Նշենք, որ դատարանն այսօր պետք է քններ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը, սակայն նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։

Ալումյանը հայտարարեց՝ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։

Հայտարարելով, որ սա հանցագործություն է՝ Քոչարյանը ևս հորդորեց դատավորին ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հակադարձեց` դատավորների մակագրման գործընթացին միջամտելը հանցագործություն է, և կասկածներով դատարանին տանել ինքնաբացարկի՝ անլրջություն։

Տե՛ս նաև այստեղ