Իրավունքի ուժով ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է Սերգեյ Չիչոյանը

Սերգեյ Չիչոյան, լուսանկարը՝ Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքէջից

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր հայտնում է, որ իրավունքի ուժով Խորհրդի նախագահի պաշտոնակատարն է Սերգեյ Չիչոյանը:

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը նշում է, որ Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հունիսի 7-ին դիմում է ներկայացրել իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ, ինչը ինքնին իրավունքի ուժով հիմք է` Խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է որոշում՝ արձանագրելով այդ փաստը։

Դատական օրենսգրքով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ Չիչոյանը 53 տարեկան է, տարբեր տարիների աշխատել է որպես քննիչ, ավագ քննիչ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, նույն դատարանի նախագահ, Հյուսիսային քրեական դատարանի նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2014-2018 թվականներին եղել է Արդարադատության խորհրդի անդամ, 2018-ի մարտին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նույն տարվա հունիսին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գևորգ Դանիելյանը, որպես ԲԴԽ տարիքով ավագ անդամ, Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում էր մայիսի 24-ից՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո: