Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Նիստին ներկա են Ռոբերտ Քոչարյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել այս որոշումների դեմ։