Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Աթենքում 3:2 հաշվով առավելության հասավ Հունաստանի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը, 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսին՝ 54-րդ րոպեին դաշտի տերերից Կարլոս Զեկան կրճատեց հաշվի տարբերությունը, 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց Հայաստանի հավաքականի երրորդ գոլը, իսկ 87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը դարձավ Հունաստանի հավաքականի երկրորդ և հանդիպման վերջին գոլի հեղինակը:
J խմբի մյուս հանդիպումներում Ֆինլանդիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի թիմին, Իտալիան Թուրինում 2:1 հաշվով առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ:
Չորրորդ տուրից հետո Հայաստանը 6 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, աղյուսակը գլխավորում է Իտալիան՝ 12 միավորով, երկրորդը Ֆինլանդիան է՝ 9 միավորով: 4-ական միավորով Հայաստանին հաջորդում են Հունաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան, վերջին տեղում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավոր չունի:
Մրցաշարի հաջորդ հանդիպումները կկայանան արդեն աշնանը: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: