Բժշկական համալսարանը գրեթե կես միլիոն դոլարի գույք է ձեռք բերել առանց մրցույթի. ՊՎԾ

Ըստ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Երևանի պետական բժշկակական համալսարանը 2015 թվականին ձեռք է բերել 222 միլիոն դրամի գույք՝ առանց գնման որևէ ընթացակարգի, շուկայականից բարձր արժեքով:

ՊՎԾ-ում հիմնավոր կասկածներ կան, որ գույքն իրականում օգտագործվել է առևտրային նպատակով։

Երևանի պետական բժշկական համալսարանում վրդովված են՝ ՊՎԾ-ն իրենց ուղղված գրությամբ մինչև հունիսի 15-ը ժամանակ էր տվել կարծիք գրելու, բայց առանց իրենց պատասխանին սպասելու հայտարություն են արել։

«ՊՎԾ-ն ոչ պրոֆեսինոնալ և գործընկերային է վարվել», պնդում են բժշկականում, այնուամենայնիվ, ասում են՝ կետ առ կետ կանդրադառնան վերահսկողականի կասկածներին։ Գրեթե կես միլիոն դոլարով ձեռք է բերվել հանգստյան գոտի Սևանի ափին, որը ծառայում է բուհի և դրա կազմում գտնվող հաստատությունների աշխատակիցներին», - հայտնում է աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ - «2017 թվականի հունիսից գույքը օգտագործվում է, համալսարանի աշխատակիցներ են էնտեղ հանգստանում»:

Բժշկական համալսարանը ձեռք է բերել է սենյակներ «Ծովասար» հանգստի գոտում, որի կայքից տեղեկանում ենք՝ 2 ննջասենյակով 1 ապարտամենտի 1 օրվա արժեքը 48-70 հազար դրամ է՝ կախված սեզոնից։ Այնուամենայնիվ, Դանիելյանը վստահենցում է, որ իրենց պատկանող կոնֆերանսի դահլիճն ու 6 ապարտամենտները առևտրային նպատակով չեն գործածվել։

2018-ին, օրինակ, բուհի 59 աշխատակից հանգստացել է անվճար, թեև, ըստ Դանիելյանի, իրենց պատկանող սենյակներում միաժամանակ ավելի քան 30 հոգի կարող է հանգստանալ։

Նա հերքեց, թե արդյոք այդ սենյակները նաև տրվում են վարձավճարով․ - «Ոչ: Պաշտոնապես ասում եմ, որ ոչ: Բժշկական համալսարանում որևէ գումար գույքից ձեռք բերված, որևէ փոխանցում չկա: Դա Բժշկական համալսարանի գույնք է, որը սեզոնային տիրույթում Բժշկական համալսարանը օգտագործում է: Եկեք էստեղ անմեղության կանխավարկածի դրույթը չմոռանանք»:

Մեջբերենք ՊՎԾ-ի կազմած զեկույցից ևս մի կետ․ - «Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ 2015-2016 թվականներին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձերը կազմել է ավելի քան 5, 3,5 և 3 միլիոն դրամ»:

ՊՎԾ-ն չի հայտնում՝ բարձր պաշտոն զբաղեցնող անձ ասելով ռեկտորի՞ն նկատի ունեն։ Բժշկականում սակայն չեն հերքում, որ խոսքը ռեկտորի և պրոռեկտորներից երկուսի մասին է:

«Նման միջին աշխատավարձ եղել է միայն 2016 թվականին, հիմա չկա», - ասում է Շուշան Դանիելյանը:

Ավելացնում են, թե, օրինակ, անցյալ տարի բուհում ռեկտորի և պրոռեկտորներից բարձր վարձատրվողների ամսական միջին աշխատավարձը չի գերազանցել 2 միլիոն դրամը։

«Նախ ուզում եմ ասել, որ սա հիմնադրամ է: Հիմնադրամում աշխատավարձերի վերահսկման, աշխատավարձերի տնօրինման շահառուն հիմնադրամի ղեկավարն է, և ինքն է որոշում, չկա որևէ սանդղակ: Փաստենք, որ ներկա ռեկտորը նաև վիրաբույժ է և վիրահատող բժիշկ է: Այսինքն իր աշխատավարձը վիրահատություններից ևս գոյանում է», - նշեց Դանիելյանը:

ՊՎԾ-ի մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հայտնում է՝ իրենց կազմած զեկույցն ուղարկել են դատախազություն, որտեղ արդեն առաջիկա օրերին կորոշեն քրեական հանցակազմ զեկույցում կա՞, թե՞ ոչ, անհրաժե՞շտ է այն քննչական որևէ մարմին ուղարկել, թե՞ ոչ։

Միևնույն ժամանակ, Սեդա Աղբալյանը զարմանում է՝ ինչո՞ւ են ակնկալում, թե վերահսկողական ծառայությունը պիտի գնա ստուգումների, ապա գովասանքի խոսքերով հայտարարություն տարածի որևէ կառույցի մասին՝ լինի բուհ թե այլ հաստատություն։

«Մենք հրապարակում ենք այն ինֆորմացիան, որը հնարավոր է հրապարակել և դրանով չխանգարել հետագա գործընթացին: Իհարկե, բնական է, որ երբեմն ընդդիմություն կլինի դրա վերաբերյալ: Որդեգրել ենք թափանցիկ աշխատելաոճը, դրանով հաշվետու ենք հասարակության առաջ, դրա հետ կապված էլ կատարել ենք հրապարակումը», - ասաց Աղբալյանը: