Այսօր երբ քաղաքապետարանի դիմաց փորձում էինք հարցի շուրջ զրուցել քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, այդ ընթացքում այստեղ եկավ նաև սկանդալի կենտրոնում հայտնված վարորդը՝ իր վրդովմունքը հայտնելու և պահանջելու հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
«Նիկոլ ջան, ես Երրորդ գյուղացի եմ, դու մեր մոտ ապրել ես: Հայկո ջան, կողից կարաք ճշտել, նորմալ մարդ եմ: Ոչ մեկին ոչ մի բան չեմ արել, ախպերս», - քաղաքապետարանի մոտ ասում էր վարորդը։
Վարորդ Ռուստամը, ով հրաժարվեց հայտնել իր ազգանունը, երեկվա միջադեպը յուրովի է մեկնաբանում․ մինչ ակտիվիստը տեսախցիկ է միացրել, երթուղայինում այլ զարգացումներ են եղել․ - «Ավել բաներ ասեց, նոր նկարեց: Մինչև էդ իջավ, իրան ասին՝ կտամ գլուխդ կջարդեմ, սումկեն կտամ գլխիդ, ինքն էլ ասում ա՝ հլը փորձի, հետո էլ չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ»։
Ռուստամի պնդմամբ, նախքան ծխախոտ վառելը մի քանի անգամ ստուգել է ուղևորների հնարավոր արձագանքը․ - «Մինչև էդ քանի հատ զաժիգալգեն ճտցրել եմ առանց սիգարետ վառելու: Ձեն չի հելե: Տեսա ձեն չկա, բան չեն ասում»:
Նա աշխատանքից հեռացումը համարում է իր իրավունքների ոտնահարում․ - «Վարչապետի հետ գործ ունեմ: Եթե չկա, ասեմ՝ բոլոլա ըլնելու ու ահավոր բազար, շատ բոլոլա ըլնելու»:
Վարորդից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ տալ:
Իսկ Ռուստամը քաղաքապետարանից մոտից հեռացավ առանց Հայկ Մարությանի հետ հանդիպելու: Քիչ անց էլ ոստիկանությունից հայտնեցին, որ նա նույնիսկ վարորդական վկայականի համապատասխան կարգ չունի և ընդհանրապես հասարակական տրանսպորտ չի կարող վարել:
Այս ընթացքում իր աշխատասենյակից իջավ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ - «Քաղաքապետարանը էս պարագայում գործել է իր վերահսկողական լիազորությունների շրջանակում, ահազանգը քննել է և որոշել է, որ նա այլևս պետք է այդ ծառայությունը չմատուցի»:
Կարապետյանի խոսքով, վարորդը պետք է ադեկվատ լինի ցանկացած իրավիճակում:
Երթուղայիններում այս և նման այլ դեպքերը խոսնակն այսպես է մեկնաբանում․ - «Վարորդի վարձատրությունը կախված է նրանից, թե որքան ուղևոր նա կտեղափոխի: Հասկանալի է, որ նրա վարքը ձևավորվում է համապատասխան ձևով»:
Հակոբ Կարապետյանը կարծում է, որ նման խնդիրները կնվազեն, եթե վարորդների և ուղևորների շփումը նվազի․ - «Երբ կներդրվի միասնական էլեկտրոնային համակարգ, և վարորդի վարձատրությունը ուղղակիորեն կախված չի լինի ուղևորների քանակից, էն ժամանակ արդեն որոշակի փոփոխոխություններ կլինեն»։
Խնդրի լուծման մեկ այլ տարբերակ է առաջարկում հակածխախոտային պայքար մղող «Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին ոստիկանները պետք է ավելի խիստ լինեն․ - «Պիտի մոբիլիզացվի իրանց ուժերը, ու վերաբերվեն շատ լուրջ, որովհետև խնդիր ա և էնպիսի խնդիր ա, որ արդեն բազմիցս հանրային դժգոհության առիթ է դարձել: Էն շտրաֆները, որ գրվում ա իբր հանրային տրանսպորտում ծխելու համար, բայց ինչ-որ ֆիկտիվ բնույթա դա կրում»:
Մեկնաբանելով երեկվա տեսանյութում ակտիվիստի հետ վիճաբանության մեջ մտած և վարորդ Ռուստամին պաշտպանող կանանց վարքագիծը՝ Մկրտչյանը ընդգծեց, որ այդ քաղաքացիները պարզապես չեն հասկանում, որ վարորդը ծխելով վնասում է իրենց՝ դա պայմանավորելով նրանց չիմացությամբ: