Իվան Գոլունովի գործը կարճվել է

Լրագրողները հավաքվել են ՌԴ ՆԳՆ քննչական վարչության շենքի մոտ, Մոսկվա, 11 հունիսի, 2019թ.

Իրավապահներից մի քանիսը կպատժվեն լրագրողի ապօրինի ձերբակալության համար:

Ռուսաստանցի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ հարուցված և հանրային բազմաթիվ բողոքների առիթ դարձած քրեական գործը կարճվել է՝ ամբաստանյալի մեղավորության ապացույցների բացակայության հիմքով:

Նրա նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ տնային կալանքը չեղարկվում է:

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ասել է, որ Մոկսվայի արևմտյան տարածքի ներքին գործերի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին և թմրանյութերի շրջանառության վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Յուրի Դևյատկինին պաշտոնանկ անելու միջնորդություններ կներկայացնի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Ցվետնոյ Բուլվարում: Ոստիկանները պնդում են, թե լրագրողի մոտ հայտնաբերել են 4 գրամ մետիլէֆեդրոն տեսակի նյութ, ապա զննել են բնակարանը, որտեղ իբր գտել են նաև 5 գրամ կոկաին:

Իրավապաշտպանների համոզմամբ, ոստիկանները հին սովետական մեթոդով թմրանյութը պարզապես գցել են լրագրողի գրպանը և նույն ձևով էլ այն «հայտնաբերել» բնակարանում:

Ընդ որում, ըստ փաստաբանների, առգրավված իրերի վրա Գոլունովի մատնահետքերը չեն եղել:

Գոլունովին բացահայտ կեղծ մեղադրանքով ձերբակալելու և բաժանմունքում նրա նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը հունից հանել է նրա գործընկերներից շատերին:

Ոստիկանների ցինիզմի և լկտիության մասին են խոսել ոչ միայն ընդդիմադիր կայքերի մեկնաբանները, այլև Կրեմլի պարտադրած խաղի կանոններին, որպես կանոն, հլու-հնազանդ ենթարկվող լրագրողներից մի քանիսը:

Բողոքներին են միացել նաև անվանի մտավորականներ և շոու բիզնեսի աստղեր:

Մոսկվայի լրագրողական շրջանակներում համոզված են, որ կոռուպցիայի թեմայով բազմաթիվ վերլուծություններ պատրաստած լրագրողին հետապնդում են մասնագիտական գործունեության համար:

Ռուսաստանի ՆԳՆ-ում ներքին վարույթ է հարուցվել Գոլունովի ձերբակալության հանգամանքները հետաքննելու համար:

Վարույթի արդյունքները կուղարկվեն ՌԴ քննչական կոմիտե: Բուն ձերբակալությունն իրականացրած ոստիկանների լիազորությունները դադարեցվել են:

«Ես համզված եմ, որ Գոլունովի գործը կարճելու որոշումը քաղաքացիական հասարակության հաղթանակն է և լրագրողական համայնի մեծ նվաճում», - ասել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի մամուլի հարցերով հանձնաժողովի ղեկավար Պավել Գուսևը: