Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություն չի ստացել Միհրան Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ. Սերգեյ Կոպիրկին

Դեսպան Սերգեյ Կապիրկինը ասուլիսի ժամանակ, Երևան, 11-ը հունիսի, 2019թ․

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չի ստացել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ։ Այսօր այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես, ինչպես դուք, կարող եմ հիմնվել լրատվամիջոցների հաղորդումների վրա, սակայն կարծում եմ՝ ինձանից դա չէ, որ սպասում եք։ Հավանաբար չարժե զբաղվել ԶԼՄ-ների հաղորդումների մեկնաբանությամբ», - նշեց Կոպիրկինը։

Ավելի վաղ «Ազատության» հարցմանը Ռուսաստանի գլխավոր դատախազությունից պատասխանել էին՝ առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ Ըստ մեզ հասցեագրված գրության, Պողոսյանը Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկի քաղաքային դատարանի որոշմամբ տեղափոխվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության քրեակատարողական հիմնարկ։ Մայիսի 23-ին թվագրված նամակում Ռուսաստանի դատախազությունը տեղեկացրել է՝ կատարվում է էքստրադիցիոն ստուգում:

Ի՞նչ իրավիճակում են հայ-ռուսական հարաբերությունները հեղափոխությունից հետո։ Ռուսաստանի դեսպանի դիտարկմամբ՝ երկկողմ հարաբերություններում պահպանվել է նույն դինամիկան։ Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն էլ դեսպանը դրական գնահատեց։

«Իմ տեղեկություններով՝ այդ հանդիպումը եղել է բավականին կառուցողական, շահավետ. քննարկվել են մեր հարաբերությունների արդի հարցերը։ Որքան ես գիտեմ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գնահատական տվել այդ հանդիպման վերաբերյալ։ Իմ տպավորությամբ՝ այդ շփումը դարձավ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության ևս մեկ աղյուս երկու երկրների միջև կառուցողական, շահեկան երկխոսության կառուցման համար», - ընդգծեց դեսպանը։

Ի դեպ, աշնանը սպասվում է Ռուսասատանի նախագահի այցը Երևան։ Ըստ դեսպանի՝ Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանելու հոկտեմբերին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի առիթով։

Ասուլիսի ընթացքում չշրջանցվեցին նաև Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։ Դրանք, ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկի, վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար։

«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, այդ զորավարժություններին հետևում է նաև մեր 102-րդ ռազմաբազան», - նշեց Անդրեյ Գրիշուկը։

Արցախյան հակամարտության մեջ ամեն ինչ չէ, որ կախված է հենց Ռուսաստանից։ Դեսպանն այսպես արձագանքեց լրագրողի այն հարցին, թե շատերը Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են այն բանի համար, որ նա չկարողացավ կանխել ապրիլյան պատերազմը, արդյո՞ք լարվածությունը կանխելու մեխանիզմ ունի Մոսկվան։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այնպես էլ առանձին ձեռնարկում է քայլեր՝ Արցախի շուրջ հնարավոր լարվածությունը կանխելու համար։

«Ռուսաստանի դերն Արցախյան հակամարտության մեջ, իհարկե, նշանակալի է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողությունները», - ընդգծեց Կոպիրկինը:

Ի դեպ, դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատայինի սպանությանն անդրադառնալով ասաց՝ իրենց խնդիրն է, որ նման իրադարձությունները չքաղաքականացվեն։ Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության համար մի քանի հայեր են կասկածվում։ Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե նախկին հատուկջոկատայինի սպանության ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էլ Հայաստան է տեղափոխվել։ Ինքը՝ Գրիգոր Օհանյանը, վերջես համացանցում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ միջադեպին չի մասնակցել և պատրաստվում է դատի տալ լրատվամիջոցներին։ Հատկանշական է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունից էլ «Ազատությանը» տեղեկացրեցին, որ ռուս գործընկերներն այդ միջադեպի առիթով իրենց չեն դիմել։

«Մեր խնդիրն է, որ նման թեև դժբախտ, բայց ընթացիկ իրադարձությունները չքաղաքականացվեն։ Չի կարելի թույլ տալ, որ դա նույնիսկ ինչ-որ ձևով վնաս հասցնի այն ամենին, ինչը մեզ միավորում է», - նշեց դեսպանը։

Ավելի վաղ էլ Հայաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում անցած տարի տեղի ունեցած միջադեպը. ծեծի հետևանքով 57-ամյա կին էր սպանվել: Նրա սպանության կասկածյալը ռուսական ռազմաբազայի զինծառայող է։ Դեսպանը հորդորում է այս ողբերգական դեպքը ևս չքաղաքականացնել: