Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ, Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից

Վիտալի Բալասանյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրերով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանապետ, տեղեկացնում է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

ԼՂ նախագահի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Բակո Սահակյանը նաև հրամանագրեր է ստորագրել Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանին պաշտոնից ազատելու և ԼՂ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին։

Վիտալի Բալասանյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2016 թվականի նոյեմբերին:

Լևոն Մնացականյանը 2015 թվականի հունիսից մինչև 2018-ի դեկտեմբեր Արցախի պաշտպանության նախարարն էր, ապա նշանակվել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: