Ռուսաստանցի մի խումբ հայտնի գործիչներ միացել են լրագրողներին, ակտիվիստներին, Իվան Գոլունովի այլ կողմնակիցներին և պատրաստվում են մասնակցել հետաքննող լրագրողին տնային կալանքից ազատ արձակելու պահանջով վաղը Մոսկվայում անցկացվելիք երթին։
36-ամյա Գոլունովը, ով տարիներ շարունակ հետաքննել ու բացահայտել է Ռուսաստանում տարածված կոռուպցիոն սխեմաներն ու դրանցից եկամուտ ստացող պաշտոնյաների անունները, անցած շաբաթավերջից տնային կալանքի տակ է՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքով: Նա մեղադրանքը չի ընդունում։
Ռեփ, ռոք աստղեր, հայտնի կինոգործիչներ, այդ թվում՝ ДДТ խմբի ղեկավար Յուրի Շևչուկը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը և այլոք, իրենց աջակցությունն են հայտնել Գոլունովին` տեսագրելով ուղերձներ, որոնցում պնդում են, որ մեղադրանքն անհիմն է և քաղաքական դրդապատճառներ ունի: Լատվիայում գործող «Մեդուզա» առցանց լրատվամիջոցը, որտեղ աշխատում է Գոլունովը, հրապարակել է այդ տեսաուղերձները: