Իվան Գոլունով․ Երբևէ չէի պատկերացնի, որ ներկա կլինեմ իմ սեփական հուղարկավորությանը

«Երբևէ չէի պատկերացնի, որ ներկա կլինեմ իմ սեփական հուղարկավորությանը». երկու օր է՝ ռուս լրագրող Իվան Գոլունովի այս հայտարարությունը թևավոր խոսք է դարձել, որով իրավապաշտպաններն ու լրագրողները բնութագրում են Ռուսաստանում իշխանության կամայականությունների թիրախում հայտնված անօգնական մարդկանց:

36֊ամյա Գոլունովը, ով տարիներ շարունակ հետաքննել ու բացահայտել է Ռուսաստանում տարածված կոռուպցիոն սխեմաներն ու դրանցից եկամուտ ստացող պաշտոնյաների անունները, անցած շաբաթավերջից տնային կալանքի տակ է՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքով:

Աղմկահարույց գործը դեռ նախաքննության փուլում է: Եթե մեղադրանքն ապացուցվի, լրագրողին սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:

Շաբաթ օրը, երբ դատարանը քննում էր խափանման միջոցի հարցը, ոստիկանները Գոլունովին դատարան բերեցին ակնհայտ կապտուկներով ու հոգեբանորեն ճնշված:

Բազմաթիվ համարձակ հոդվածներով ու հրապարակումներով հայտնի լրագրողը դահլիճում չկարողացավ արցունքները զսպել․ - «Երբ աշխատում էի հուղարկավորությունների թեմայով իմ առաջին հետաքննության վրա, սպառնալիքներ էի ստանում, բայց այն ժամանակ դրանց ուշադրություն չէի դարձնում»:

Լրագրողի ազատազրկումը դարձել է Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս ամենից շատ քննակվող թեմաներից մեկը, որ ստվերել է անգամ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո անցկացված պետերբուրգյան տնտեսական համաժողովը:

Իրավապաշտպաններն ու լրագրողները պնդում են, որ Գոլունովը ճաղերի հետևում է հայտնվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաների «ոտքը տրորելու» համար:

«Վստահ եմ, որ սա զզվելի ու սարքած գործ է, սա վրեժ է Իվան Գոլունովի հետաքննությունների համար», ֊ ասում է լրագող Աննա Նարինսկայան:

«Ես Իվանին ճանաչում եմ 12 տարի, և նա ոչ միայն այդ ընթացքում երբևէ թմրանյութ չի օգտագործել, այլև նույնիսկ ալկոհոկ չի խմել: Իմ ծննդյան օրը նա ոչ ալկոհոլային գարեջուր էր խմում: Ծայրահեղ ուշադիր մարդ է և շատ օրինապաշտ», - վստահեցնում է «Մեդուզա»-ի թղթակից Իլյա Ժեգուլյովը:

Ռուսաստանյան «Վեդոմոստին», «Կոմերսանտն» ու РБК-ն այսօր, ի նշան բողոքի, առաջին անգամ պատմության մեջ լույս են տեսել առաջին էջի վրա միևնույն նկարով ու գլխագրով՝ «Ես Իվան Գոլունովն եմ»: Առաջատար պարբերականները համատեղ հայտարարությամբ փաստել են, որ այս գործը վերաբերում է ոչ միայն լրագրողներին, այլև ողջ ռուսաստանյան հասարակությանը:

«Մենք ապրում ենք մի երկրում, ուր սադրանքի զոհ դարձած մարդու համար տնային կալանքը հաղթանակ է թվում», -Թվիթերում գրել է ռուս իրավապաշտպաններից մեկը:

Գոլունովի պաշտպան Դմիտրի Դջուլայը փաստել է, որ տնային կալանքը առաջին, փոքրիկ հաղթանակն էր․ - «Սա դեռ պայքարի սկիզբն է: Իվանի անմեղությունը պետք է ապացուցվի, այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է»:

Լրագրողներն ու իրավաբաններն արդեն իսկ մատնանշում են նախաքննության վիճահարույց ու կասկածի տեղիք տվող մի շարք հանգամանքներ. եթե Գոլունովը, ըստ ոստիկանների, մեծաքանակ թմրամիջոցներ է ունեցել և իրացրել, ինչո՞ւ նրան չեն ձերբակալել հենց հանցանքի պահին՝ ապրանքը փոխանցելիս: Ինչո՞ւ ձերբակալությունից հետո 12 ժամ Գոլունովին թույլ չեն տվել խոսել հարազատների ու փաստաբանի հետ, ին՞չ հանգամանքներում են ի հայտ եկել նրա մարմնի վրա առկա կապտուկներն ու վնասվածքները, ինչո՞ւ են նրան դատաբժշկական փորձաքնության ենթարկել ձերբակալությունից 48 ժամ հետո միայն, և ո՞վ է պատասխանատու ոստիկանության տարածած կեղծ տեղեկատվության համար:

Ձերբակալության օրը, մասնավորապես, ոստիկանությունը լուսանկար էր հրապարակել իբր Գոլունովի տանից, որտեղ պատկերված էին թմրանյութերով լի տոպրակներ: Լրագրողի ընկերները, սակայն, պնդել էին, որ դա լրագրողի բնակարանը չէ, ինչից ժամեր անց ոստիկանությունն ընդունել էր՝ խոստովանելով, որ հրապարակված 9 լուսանկարներից միայն մեկն է արվել Գոլունովի տանը:

«Նման ցինիկ մոտեցում առաջին անգամ ենք տեսնում», - ասում է «Մեդուզա»-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն: - «Իվանի դեպքը յուրահատուկ է բոլոր առումներով: Նախ, առաջին անգամն է, որ մենք նման ցինիկ, վայրենի, անսիրտ, չգիտեմ էլ ինչ բառերով բնորոշեմ, զազրելի սադրանքի ականատես ենք դառնում Վանյայի նման մարդու դեմ, ում շատ բարդ է ինչ-որ բանում մեղադրել: Նա հայտնի է իր անբասիր վարքագծով: Մյուս կողմից, մենք առաջին անգամն ենք նման աջակցություն և համախմբում տեսնում լրագրողական ճամբարում»:

Ի դեպ, «Մեդուզան», որտեղ Գոլունովն աշխատում էր 2016 թվականից, հնարավորություն է տվել ռուսաստանյան լրատվամիջոցներին վերահրատարակել ու տարածել նրա՝ մինչև օրս արած աղմկահարույց հետաքննությունները: Երկու օրից՝ առաջիկա չորքեշաբթի Մոսկվայում «Ազատություն Գոլունովին կարգախոսով» բողոքի երթ է ծրագրված: