Վաղ առավոտյան Աբովյանի նախընտրական շտաբներում լուռ էր, հավաքարարները գիշերվա բազմամարդ հավաքույթների հետքերն էին վերացնում:
Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև թեժ մրցակցությունն ավարտվեց հօգուտ գործող քաղաքապետի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուն հաղթեց 395 ձայնի առավելությամբ։
Քաղաքապետարանի բակում աշխատակազմը շամպայնով, ճայթուկներով ու ոգևորությամբ էր սպասում։
«Հաղթել եմ նաև ձեր կատարած աշխատանքի շնորհիվ», - կոլեգա-համախոհներին ասաց քաղաքապետ Գևորգյանը։ Ի դեպ՝ նրան դիմավորողների մեջ նաև այն հանձնաժողովականն էր, ում ձեռքին կասկածելի ցուցակներ էին գտնվել։
«Սա պարտավորեցնող ձայներ է առաջինը ինձ համար, և ավելի մեծ ուժով, եռանդով մենք և մեր թիմը կլծվենք գործի», - նշեց Գևորգյանը։
Հին մեթոդներով չպետք է աշխատենք, փոխելու շատ բան կա, ասաց։ Հիշեցնենք՝ Աբովյանի համայնքապետարանի գործունենության հետ կապված մի քանի քրեական գործեր կան։
«Պատրաստ եմ թե՛ իրավական, թե՛ բարոյական դաշտում դրանց պատասխանը տալ», - նշեց Աբովյանի քաղաքապետը։
Վերընտրված քաղաքապետն այսօր էլի հիշեցրեց՝ անկուսակցական է, «Բարգավաճ Հայաստան»-ի հետ իր կապը Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ մանկությունից է գալիս։
«Բազմիցս ասել եմ, որ անկուսակցական թեկնածու եմ։ Ես գիտեմ՝ ամբողջ թիմը եղել է իրենց գրասենյակում, գոնե երեկ օրվա ընթացքում, հավատացեք, չեմ հասցրել հետևել, որովհետև թեժ պայքար էր», - ասաց Գևորգյանը։
Ծափերի ներքո էլ ուղևորվեց իր առանձնասենյակ։ Ասաց՝ գլխավոր մրցակցից՝ Գրիգոր Գուլյանից, շնորհավորանք առայժմ չի ստացել։
«Կշնորհավորեմ, ԿԸՀ-ի վերջնական արդյունքները երբ իմանանք», - ասաց Գուլյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն վաղվանից կվերադառնա իր գործին։ Նա մարզպետարանի ֆինանսական վարչության պետն է։ Գուլյանն ասում է՝ հեղափոխական արժեքները Աբովյան չմտան, բայց իրեն պարտված չի համարում։
«Չէի ասի պարտություն, որովհետև սա, իհարկե, ընտրություններ է, և ընտրության արդյունքները ձևավորվում է քաղաքացիների քվեարկությունից։ Եթե քաղաքացիները քվեարկել են այսպես, պարտություն պետք չէ համարել սա», - ընդգծեց ՔՊ-ի թեկնածուն։
Ավելին, ըստ Գուլյանի, սա հաղթանակ է, աբովյանցին երբեք այսպիսի ընտրություն չէր տեսել։ Ի պաշտոնե աշխատելու է մարզի բոլոր համայնքապետերի՝ նաև Աբովյանի քաղաքապետի հետ։ Համայնքում հանդարտվում են, մրցակից երկու թեկնածուների քաղաքական թիմերի միջև փոխհրաձգությունը շարունակվում է։
«Տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք՝ Աբովյանի բակերում բակային հանդիպումներ անելիս խորոված ու քյաբաբ հյուրասիրելով իմ քաղաքացուն. դա իմ քաղաքացու հաղթանակը չէ, դա իմ քաղաքացու տեսակը չէ», - ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Եթե անգամ ինչ-որ շտաբերում նախընտրել են ուտել քյաբաբ և խորոված, բնականաբար, դա իմ նախապատվությունը չէ, ես առողջ սննդակարգի կողմնակից եմ, և եթե մարզպետը ևս առողջ սննդակարգի կողմնակից է, ես կոչ եմ անում մարդկանց չուտել քյաբաբ և խորոված, որովհետև դրանք առողջ սնունդ չեն», - ընդգծեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Քվեարկության օրը ընտրակաշառքի ահազանգեր չեն հնչել, սակայն խնդրահարույց երևույթ եղել է, ասում է Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Կազմակերպության դիտորդներն էլ Աբովյանում են եղել։ Մտահոգիչն, ըստ նրա, Գևորգյանի համախոհներին ոստիկանություն բերման ենթարկելն էր, Իոաննիսյանի տվյալով՝ մոտ 30 հոգու։
«Այդ 30 հոգուց որևիցե մեկի վրա, որքան հասկանում ենք, ո՛չ վարչական, ո՛չ քրեական իրավախախտում գործած լինելու փաստ ոստիկանությունը չունի։ Սա իրոք խնդրահարույց է, սա կարող է հանրության կողմից բավական լեգիտիմորեն ընկալվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում թեկնածուներից մեկին խոչընդոտելու նպատակով», - նշեց Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանը վստահ է՝ անկախ նրանից, թե ով է ավելի շատ քվե տարել, հաղթողը հին ընտրական համակարգն է, քանի որ ծրագրերի ու գաղափարների պայքար չկա։
«Ընտրողների որոշման վրա բավականին ազդեցություն էին ունենում ինչ-որ տեղական լավ տղերքը և այլն։ Այսինքն՝ սա բավականին խնդրահարույց գործընթաց է, որը, ըստ էության, զարմանալի չի, որովհետև գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում ծրագրերի և գաղափարների մրցապայքարը», - ընդգծեց Իոաննիսյանը։