«Հույսեր կապելու եմ միանշանակ: Եթե որոշվել է, թող զբաղվեն: Որովհետև իմ հետ կապված հարցեր կան, դրա համար ավելի ճիշտ մենք առերես կխոսենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանը:
2016-ին Զինված ուժերի կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, Մուրադյանին էլ հուզող հարցեր կան: Օրինակ, իր պաշտոնանկության պատճառները․ - «Որովհետև զոհերից մեկը ես եմ:
Մինչև հանձնաժողովին ներկայանալը, Կոմիտաս Մուրադյանը չցանկացավ փակագծեր բացել: Մանրամասն կխոսի հանձնաժողովում՝ եթե հրավիրեն:
Նա հիշեցրեց, որ 2016-ի մարտի 26-ից մինչև ապրիլի 20-ը հիվանդանոցում է եղել, քառօրյա պատերազմին հաջորդած իր պաշտոնանկության մասին այնտեղ էլ տեղեկացել:
Այնուամենայնիվ, որպես զինվորական հանձնաժողովի հետ կապված մտահոգություն ունի․ - «Ճիշտ ա, ես ինքս տուժվել եմ դրա համար, բայց էդքան բան չեմ գտնում, չգիտեմ: Դա ազգային անվտանգության, ընդհանուր բանակի խնդիր են»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ շաբաթ է, ինչ ձեւավորվել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, Ազգային ժողովի պաշտպանության և անվանգության հարցերի հանձնաժողովի կազմով: Ուսումնասիրելու են պատերազմի օրերին բանակում հայտնաբերված չարաշահումներն ու բացթողումները՝ ընդհուպ մեծաթիվ զոհերի պատճառներն ու հակառակորդի հարձակմանը ժամանակին չարձագանքելու տեղեկությունները:
Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հրավիրելու են Զինված ուժերի նախկին ու ներկա պատասխանատուները, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ չէր բացառել:
2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը «Ազատության» հետ զրույցում խուսափեց հանձնաժողովի ստեղծման մասին հստակ դիրքորոշում հայտնել․ - «Բարդ հարց եք տալիս: Չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»:
Միզրաբեկյանը նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պատասխանատուն է եղել: Նա ասաց, թե հանձնաժողովի ուսումնասիրություններով մտահոգված չէ: Հավելեց, որ իր համակարգած ոլորտի վերաբերյալ հարցերին առայժմ պատասխանել չի ցանկանում, հանձնաժողովում կխոսի՝ եթե իրեն էլ հրավիրեն․ - «Ես որևէ մտավախություն չունեմ: Երբ որ կհրավիրեն, էն ժամանակ կխոսենք»:
Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Օրենսդիր մարմնի քննիչ հանձնաժողովից լուրջ ակնկալիքներ ունի դեռևս 2008-ին Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատված Գագիկ Մելքոնյանը:
Նա համաձայն է, որ պատերազմը զգայուն հարց է, բայց այդ այդ օրերին ի հայտ եկած խնդիրների մասին խոսելն ու մեղավորներին պատժելը խիստ անհրաժեշտություն է համարում․ - «Անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ ա գնում, թե վառելիք չի եղել, փամփուշտ չի եղել, արկեր չեն եղել: Հիմի ավելի լավ չի՞, որ էս հանձնաժողովը քննի ու բացահայտնի, թե եղել ա կամ չի եղել: Կամ վարչապետը ասում ա, որ անորակ վառելիքի պատճառով տեխնիկան չի շարժվել: Բա էդ անորակ վառելիքը որտեղի՞ց ա հայտնվել բանակում: Ո՞նց էղավ, որ հայտնվեց բանակում, երբ որ վառելիքը ընդունելուց, ես դա հոյակապ գիտեմ, թե ինչ ձևի անալիզներ են անում, ինչ ձևի ստուգումներ են անցկացնում, նոր վառելիքը մտնում ա Պաշտպանության նախարարության բազաներ»:
Հանձնաժողովը, ըստ Մելքոնյանի, պետք է պատասխանի օդում կախված գլխավոր հարցին՝ ինչի՞ հետևանքով ապրիլին հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ու 800 հեկտար տարածքային կորուստ ունեցավ: Նա վստահեցնում է, որ այս և այլ հարցերի պատասխանները հանրայնացնելը ամենևին էլ վտանգավոր չեն:
Ռազմական գաղտնիքների արտահոսքի և պետական անվտանգության հետ կապված ընդդիմախոսների մտահոգությունները, ըստ նախկին նախկին փոխնախարարի, անտեղի են․ - «Ի՞նչ վտանգ պիտի ներկայացնի: Նորից օրինակը բերեմ վառելանյութի համար: Եթե պիտի ասեն էս վառելանյութը ով ա բերել, ստուգվել է էդ վառելանյութը, չի ստուգվել, էդտեղ ի՞նչ պետական գաղտնիք կա: Պիտի օբյեկտիվ քննվի, ու էն մարդիկ, որոնք մեղավոր են էդ զոհերի համար, պիտի պատասխան տան»:
Գագիկ Մելքոնյանի կարծիքով, պատերազմի օրերին բանակում հայտնաբերված խնդիրների իրական հասցեատերերն անպատիժ են, փոքրաթիվ պաշտոնանկությյունների պատճառները՝ անհայտ: Հետհեղափոխական իշխանության անելիքը, ըստ նրա, քննիչ հանձնաժողովով չպետք է սահմանափակվի, գործը խորհրդարանից պետք է քրեական պատասխանատվության հարթություն տեղափոխվի: