Ղազախստանի նախագահական ընտրություններն ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, ձերբակալություններով

Ղազախստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Ալմաթի, 10-ը հունիսի, 2019թ․

Ընտրություններում հաղթում է գործող նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նախկին ավտորիտար նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում երեկ անցկացված ընտրություններում, որոնք ուղեկցվել են բազմամարդ բողոքի ակցիաներով, հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով: Ակտիվիստներ, ինչպես նաև լրագրողներ են բերման ենթարկվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Ալմաթիում և Շիմքեթում:

Ցույցերի մասնակիցները պնդում են, որ ընտրություններն անցել են ոչ արդար, ոչ մրցակցային պայմաններում, իսկ քվեարկության արդյունքները կանխորոշված են:

«Ես ազատություն եմ ուզում, ազատություն, անկախություն: Ես ապագա եմ ուզում իմ երեխաների համար: Ես ամաչում եմ, որ ես նրանց այսպիսի ժառանգույթուն եմ թողնում՝ աղքատություն», - ասում է ցուցարաներից մի կին:

«Մենք մեր սահմանադրական իրավունքներն ենք պահանջում, որոնք երաշխավորված են Ղազախստանի սահմանադրությամբ և օրենսդրությամբ՝ արտահայտել մեր ազատ խոսքը», - հավելում է մեկ այլ ցուցարար:

Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարի՝ շուրջ երեք տասնամյակ երկիրը ղեկավարող Նազարբաևի հրաժարականից հետո Սենատի նախագահ Տոկաևը ի պաշտոնե ստանձնել էր Ղազախստանի նախագահի պաշտոնը և ապրիլի 9-ին հայտարարել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Հրաժարականի հենց հաջորդ օրը մայրաքաղաք Աստանան Նազարբաևի պատվին վերանվանվեց Նուր Սուլթան, իսկ Նազարբաևի դուստր Դարինգան ստանձնեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Այս իրադարձությունները բողոքի ալիք բարձրացրին երկրում, որոնք շարունակվում են մինչև օրս:

Մասնավորապես, ընտրական ոչ թափանցիկ գործընթացների դեմ բողոքի ցույցերի շուրջ հինգ հարյուր մասնակից միայն երեկ է ձերբակալվել: Ակտիվիստները շաբաթներ շարունակ կոչ էին անում բոյկոտել «բեմադրված ընտրությունները»:

«Ազատության» Ղազախստանի թղթակիցը տեղից հաղորդում է, որ չնայած իրավապահների կոշտ դիմադրությանը՝ ի նշան բողոքի մարդիկ շարունակում են հավաքվել մայրաքաղաք Նուր Սուլթանի կենտրոնական հրապարակում, որը շրջափակված է ոստիկանության կողմից: Վերջին տվյալներով, այսօր նույնպես մոտ հարյուր հոգի բերման է ենթարկվել:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում Տոկաևի օգտին քվեարկել են ընտրողների ավելի քան 70 տոկոսը, իսկ նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը, ով 2005 թվականից ի վեր առաջին ընդդիմադիր թեկնածուն է, ստացել է քվեների ընդամենը 16,02 տոկոսը։

Շուրջ 11,5 միլիոն ընտրող Տոկաևին նախագահ է ընտրել յոթ թեկնածուներից, որոնք, սակայն, լայն հանրությանը հայտնի չեն:

Տոկաևը իր սպասված հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորանքներ է ստանում Ղազախստանի բարեկամ երկրներից՝ այդ թվում Չինաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, մինչդեռ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով:

Քվեարկության ընթացքին հետևած ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը իր հայտարարությունում ընդգծում է Ղազախստանի իշխանությունների կողմից «մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի իսպառ բացակությունը»՝ նշելով, որ քվեարկությունն անցել է համատարած խախտումներով:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ քաղաքական գործընթացների փոխանցման գաղափարը ընդամենը թվացյալ է: «Էական փոփոխություններ չեն նշմարվում, Տոկաևի ժամանակավոր նախագահության օրոք էլ շարունակվել են մարդու իրավունքների խախտումները», - նկատում է հեղինակավոր կազմակերպությունը:

«Մեր գնահատմամբ՝ ընտրություններն անցել են արդար և ազատ», - այսօր հակադարձելով դիտորդներին՝ հայտարարել է նախնական արդյունքներով նախագահ ընտրված 66-ամյա նախկին դիվանագետ Տոկաևը, ով խոստանում է շարունակել Նազարբաևի քաղաքականությունը, առանցքային հարցերում օգտվել նրա խորհուրդներից:

Նավթով հարուստ նախկին Խորհրդային Միության անդամ Ղազախստանում 1991 թվականից՝ անկախացումից ի վեր որևէ ընտրություն միջազգային կազմակերպությունների կողմից չի ճանաչվել ազատ կամ արդար: Այդ ընտրությունները, որոնք ավարտվել են բացառապես Նուրսուլթան Նազարբաևի հաղթանակով, մշտապես ուղեկցվել են լցոնումներով, ձերբակալություններով, տուգանքներով: Մի խումբ ակտիվիստներ անգամ ազատազրկման են դատապարտվել:

Երկրի նախկին առաջնորդը այսօր էլ շարունակում է պահպանել լայն լիազորություններ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի և իշխող կուսակցության նախագահի պաշտոններում:

Նազարբաևի թերևս ամենակոշտ քննադատը և իրական ընդդիմադիր առաջնորդ, «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության առաջնորդ Մուխտար Աբլյազովը աջակիցներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները և տեր կանգնել սեփական երկրին ու ճակատագրին: Աբլյազովը բնակվում է արտերկրում և հայրենիքում հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտված սպանություն կազմակերպելու, հանցավոր խմբավորում ստեղծելու և հափշտակության մեղադրանքներով: Նրա ղեկավարած կուսակցությունը ևս արգելված է Ղազախստանում․ դատարանի որոշմամբ այն դասվել է ծայրահեղական խմբավորումների շարքում: