ՔԿ ղեկավարը՝ սկանդալային գաղտնալսման գործով․ Հնարավոր է՝ հարևան երկրներից մեկից տարածված լինի

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հնարավոր է՝ տարածված լինի հարևան երկրներից մեկից: Այդ մասին այսօր հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ վեց եղանակ կա գաղտնալսման, և տվյալ գործով բոլոր ուղղություններով քննություններ կատարվել են, հարցումներ են ուղարկվել արտասահմանյան երկրներ, կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Գրիգորյանը հրաժարվեց տալ այդ երկրի անունը:

Քննչական կոմիտեի ղեկավարը նաև հայտնեց, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսումն իրականացնելու հանգամանքը:

Անցած տարվա սեպտեմբերին համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը: Այնտեղ, մասնավորապես, խոսվում է այն մասին, թե ինչպես դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման փաստով քրեական գործ է հարուցված, որի նախաքննությունը հանձնարարված է Քննչական կոմիտեին: