Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանը փորձում է տապալել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները»

Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարության համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են տապալել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները: Նման հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հանդես եկավ կիրակի երեկոյան` մեկնաբանելով ադրբեջանցի զինծառայող Էլշան Խալիլովի մահը:

«Հայաստանի` պատերազմի կողմնակիցների և նրանց հովանավորների կողմից իրականացված հերթական արյունալի գործողությունը, որ կատարվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կազմակերպվող հերթական հանդիպման նախաշեմին, նպատակ ունի տապալել բանակցությունները և մեծացնել տարածաշրջանում առկա լարվածությունը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը, ըստ պաշտոնական Բաքվի, կրում է Հայաստանի ղեկավարությունը: