Ղազախստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնցում հաղթելու հավանական թեկնածուն է համարվում գործող նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը։
1990֊ից երկիրը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաևի՝ մարտի 19֊ին ներկայացրած հրաժարականից հետո Սենատի նախագահ Կասիմ֊Ժոմարտ Տոկաևը ի պաշտոնե ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը և ապրիլի 9֊ին հայտարարել էր արտահերթ ընտրություններ նշանակելու մասին՝ երկրում ստեղծված «քաղաքական անորոշությունը» հաղթահարելու համար։
Ղազախական ընդդիմությունը քննադատել է նախընտրական քարոզարշավի ընթացքը, այն որակելով «անարդար և ոչ մրցակցային»։
66֊ամյա Տոկաևի 6 մրցակիցներն էլ առաջադրվել են իշխանությունների հավանությամբ և գրեթե շանս չունեն մարտահրավեր նետելու գործող նախագահին։
1991֊ին Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր այդ երկրում անցկացված ընտրությունները երբևէ չեն համարվել ազատ և անկախ՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։
Նազարբաևի հրաժարականից հետո Ղազախստանում անսովոր շատ են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները կոչ են անում քաղաքական բարեփոխումներ իրականացնել կամ բոյկոտել ընտրությունները։