Քարաձորում ընտրարշավն անցավ առանց նախընտրական ծրագրերի և պաստառների

Լոռու մարզի Քարաձոր համայնքում վաղը համայնքապետ ու ավագանի կընտրեն։

Երեք ամիս առաջ 15 տարվա գյուղապետն ու ավագանու բոլոր անդամները բնակիչների պահանջով հրաժարական էին տվել։ Մինչև նոր ընտրություններ որպես համայնքապետի պաշտոնակատար Վանաձորից Քարաձոր գործուղված Հակոբ Միկոյանը մի քանի օրից հրաժեշտ կտա գյուղին։

Ասում է՝ մեծ գործեր չի արել. առանց ավագանու որոշումներ կայացնելու հնարավորություն չուներ, բայց գյուղում լարված մթնոլորտը հանդարտվել է։ Համոզված է՝ վաղվա ընտրապայքարը համայնքապետի 3 և ավագանու անդամի 8 թեկնածուների միջև կանցնեն առանց հայհոյանքների, բայց նաև նախկինի նման՝ առանց քարոզարշավի, նախընտրական ծրագրերի ու պաստառների։

«Ազատության» հարցին՝ նախկին ընտրական տեխնոլոգիաներից ո՞րը կաշխատի, Միկոյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, գյուղում աշխատում է խնամի, ծանոթ, բարեկամ, ընկեր հարաբերությունները։ Նույնիսկ ես չեմ տեսել գյուղում, որ ընտրարշավ ինչ-որ մի ձևով անցկացվի, այսինքն՝ անհատական աշխատանքներ է եղել, թեկնածուները մտել են տուն առ տուն, հիշեցրել, որ «նախկինում էսինչ բանն եմ արել», կամ ինչ-որ մեկը հիշեցրել է, որ «ես ձեր բարեկամն եմ», ոչ մի պաստառ չի տպվել, չնայած որ հատկացված է եղել։ Թեկնածուներից երկու հոգի ցանկություն են հայտնել, որ գյուղամիջում հայտարարություն տարածենք և գյուղամիջում ընտրողների հետ հանդիպում կազմակերպվի, բայց մարդիկ չեն հավաքվել։ Ես նույնիսկ բարձրախոս էի խնդրել, բերել էի իմ հետ, որ հայտարարենք գյուղում, որ պետք է լինի, և թեկնածուներից մեկն ասեց, որ անիմաստ է այդ ամեն ինչը, ու շատ ծիծաղելի փաստ բերեց, որ գյուղացիներից մեկը մյուսին կարող է պարտք լինի և չուզենա գա, գյուղամեջում իրան հանդիպի, որպեսզի նա իր պարտքը չուզի»։

Դրսից եկած երիտասարդ պաշտոնակատարին սկզբում սրերով են ընդունել։ Չլինելու բան է՝ մոտ 350 բնակիչ ունեցող գյուղում դրսից եկած ղեկավարն անընդունելի էր։ Բայց ասում է՝ կարծրատիպեր է կոտրել։ Գյուղում համայնքապետերն իրենց ամենազոր են կարծել ու թույլ ավագանու պարագայում արել՝ ինչ ուզում են, ասում է Հակոբ Միկոյանը։

«Միանշանակ, սա ես համարում եմ փոքրիկ թագավորություններ, որ իրենք իրենց համայնքը ունեն, որ էդ համայնքում իրենք «թագավոր են»։ Եղել է դեպքեր, երբ որ մարդը եկել է, այ քիչ առաջ ձյաձ Հովհաննեսը եկավ, նորմալ գնաց։ Ես իրա հետ կոնֆլիկտ եմ ունեցել շատ փոքրիկ. ինքը ինձ լավ չի հասկացել, բայց հաջորդ օրը որ եկել է ինձ մի հարցով դիմել է, ես չեմ ասել՝ «երեկ մենք իրար հետ կոնֆլիկտ ունեցանք, քո հարցը պետք է չլուծեմ», ես շարունակում եմ իրան նույն ձև հարգել, ես պարտավոր եմ իրան հարգել որպես քաղաքացի, այլ հարց է, թե որպես անձ ես իրան ոնց եմ վերաբերվում», - ընդգծեց համայնքապետի պաշտոնակատարը։

Երեք ամիս առաջ գյուղացիները գործող համայնքապետին մեղադրում էին անարդարությունների ու չարաշահումների մեջ։ Այժմ իրավապահներն են քննում նախկինում կադաստրային արժեքից 2-3 անգամ էժան գնով գյուղապետի հարազատներին վաճառված հողերի գործը։ Բայց Քարաձորը կարճատև ղեկավարած Հակոբ Միկոյանը համոզված է՝ գյուղացիների կողմից ընտրված ավագանու թույլտվությամբ է տեղի ունեցել ամեն ինչ։

«Իհարկե, ես բոլորին ապացուցեցի, որ «բոլոր որոշումների տակ ստորագրել է ձեր ընտրած ավագանին, այսինքն՝ եթե դուք ընտրեիք գրագետ ավագանի, չընտրեիք այն սկզբունքով, որ այսինչ մարդը իր մորքուրի տղեն է, ոնց ես պետք է իրեն չընտրեմ, կարող էր լրիվ այլ պատկեր լինել այս գյուղում»։ Իմ մոտ եկել է ավագանին նախկին ավագանիներից, ասում է՝ «ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, ինձ ասել են ստեղ ստորագրի, ստորագրել գնացել եմ», - ընդգծեց Միկոյանը։

Ասաց՝ հույս ունի, թե փոխվել է գյուղացիների մտածելակերպը, և նախկին սխալները չեն կրկնվի։ Խոսքին վրա հասավ քարաձորցի Մասիս Հովակիմյանը։

«Մտածելակերպը չի փոխվել, ուղղակի վարչակազմն է փոխվել, սերժական էդ բաները պրծելա, որ ասում էր՝ «էս չագուջն էլ ա իմ ձեռքը, մեխն էլ ա, բողոքես՝ ինձ ես բողոքելու», էդ վերացել է։ Հիմա արդեն մարդկանց ինչ-որ բաներ կա արթնացել է, կարաս ինչ-որ բանից կառչես, ինչ-որ բան թույլ չտաս», - ասաց Հովակիմյանը։

Քարաձորցի Գառնիկ Սարգսյանը վաղը գնալու է ընտրություններին՝ հույսով, որ հաղթած թեկնածուի հետ լեզու կգտնեն, անարդարություններն ու չարաշահումներն էլ կբացառվեն։