Իշխանությունը դեռևս չի հայտարարում, թե ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը

Հրաժարական ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արխիվ

Իշխանությունը դեռևս չի հայտարարում, թե ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը։ Իշխող «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ չի կարծում, որ իշխանությունը չունի իր թեկնածուն, այլ բան է, թե ում կվստահեն այս կարևոր ոլորտը։

«Ցանկացած մարդ, ով գնա այդ պաշտոնի, կուզենա իմանա իր պատասխանատվության մեծությունը որն է լինելու։ Եթե այդ պատասխանատվության մեծությունը այնպիսին է, որ ինքը տակից չի դուրս գա, բնական է՝ շատ դժվար է որևէ մեկին համաձայնվել։ Իմ պատկերացմամբ՝ ամենաբարդ նախարարությունը Արդարադատության նախարարությունն է, որովհետև ինքը կտրուկ քայլերի պիտի գնա, և հայտնի չի՝ էդ քայլերը արդյունք կտա՞ն, թե՞՝ ոչ, և էդ քայլերին գնալու արդյունքում արդյո՞ք չի պարալիզացնի այդ համակարգը և ճիշտ հակառակ էֆեկտը չի տա», - նշեց Բաղդասարյանը։

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի ու Հայաստանի նախկին զինվորական դատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի անուններն են երեկվանից շրջանառվում որպես արդարադատության նախարարի թեկնածուներ։ Նրանք, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքեցին այդ տեղեկությունները, թե կարող են նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում։

«Ազատության» հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ որևէ բանից տեղյակ չէ։ Կարեն Անդրեասյանն էլ պնդեց՝ այս պահին որևէ պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի։

«Որևէ նման իրական խոսակցություն չկա, և կարծում եմ՝ դրանք սոսկ բամբասանքներ են կամ ինչ-որ բարի մարդկանց ցանկություններ։ Այս պահին ես կոնկրետ իմ որոշակի ծրագրերն ունեմ և, ճիշտն ասած, չեմ պլանավորում», - ընդգծեց Անդրեասյանը։

Ավելի քան մեկ տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո երեկ հրաժարական ներկայացրած Արտակ Զեյնալյանն այդ մասին հայտարարեց Ֆեյսբուքի իր էջում՝ այդպես էլ որևէ պատճառաբանություն չբերելով։ Դեռևս նախագահը չի հրապարակել նախարարի պաշտոնից նրան ազատելու հրամանագիրը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Զեյնալյանը նախաձեռնողականություն չցուցաբերեց արդարադատության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու համար։ Սաքունցը առանց անուններ հնչեցնելու նշեց՝ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի այն անձը, որը կլինի հեղափոխական և կունենա առկա խնդիրներին արմատական լուծումներ տալու պատրաստակամություն ու համարձակություն։ Անցած մեկ տարում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաճախ են քննադատել նախկինում իրավապաշտպան գործունեություն ծավալած արդարադատության նախարար Զեյնալյանին՝ հատկապես քրեակատարողական հիմնարկներում շոշափելի փոփոխություններ չնախաձեռնելու, ինչպես նաև համակարգի փոփոխություններն էվոլյուցիոն ճանապարհով իրագործելու իր տեսակետի համար։

«Հաշվի առնելով համակարգի ծավալը՝ ինքը պետք է անհանդուրժող լինի կոռուպցիոն ցանկացած դրսևորման նկատմամբ, այսինքն՝ ինքը ներգրավված չլինի որևէ կոռուպցիոն ինչ-որ շահերի մեջ կամ կոռուպցիոն շահերի բավարարման մեջ առնչություն ունեցած չլինի։ Կարելի է ասել՝ «աքիլեսյան գարշապարը» ցանկացած արդարադատության նախարարի հանդիսանում է քրեակատարողական համակարգը։ Ինքը պետք է անհանդուրժող վերաբերմունք և մոտեցում ունենա քրեական ընդհանրապես մշակույթի և քրեական աշխարհի նկատմամբ՝ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության հիման վրա», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս արդարադատության նախարարի սեփական թեկնածուն չունի։ Ըստ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանը պետք է լիներ հեղափոխական նախարար և նոր տողից սկսեր աշխատել համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։ Մինչդեռ, թավշյա հեղափոխությունից հետո պահանջվող կտրուկ միջոցների փոխարեն նոր իշխանությունները անատամ գործողություններ ձեռնարկեցին։

Իրավապաշտպանի կարծիքով՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իր էությամբ պետք է լինի իրավապաշտպան և պատկերացնի՝ ինչ է նշանակում լինել կալանավոր։

Դիտարկմանը, թե Զեյնալյանը ևս իրավապաշտպան գործունեություն է ծավալել, բայց, միևնույն է, քննադատվեց, Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Ցանկացած մեկը, ով կհայտնվի նախարարի պաշտոնում, բնական է, կհայտնվի նաև քննադատության թիրախում։ Յուրաքանչուր իշխանություն և յուրաքանչյուր իշխանավոր քննադատվում է։ Այլ խնդիր է, որ նոր իշխանությունը և նոր իշխանավորը պետք է անպայման փոփոխությունների հեղինակ լինի, փոփոխություններ կատարող լինի»։

Երեկ նաև հրաժարական ներկայացրեց դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը։ Նա ևս որևէ պատճառաբանություն չներկայացրեց։

Դանիելյանի հրաժարականից մեկ օր առաջ Բարձրագույն դատական խորհրդում նիստ էր գումարվել, որտեղ քննարկվում էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից Վճռաբեկ դատարանի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սրանից օրեր առաջ էլ Դատավորների ընդհանուր ժողովն էր հանդես եկել ԲԴԽ-ին քննադատող հայտարարությամբ՝ շեշտելով՝ այդ կառույցը չի երաշխավորում դատավորների անկախությունը։

Վարչապետի կոշտ հայտարարությունից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գագիկ Հարությունյանը ևս չէր պատճառաբանել իր հրաժարականը։ Հարությունյանից հետո նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրել էր մեկ տարի առաջ Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ նշանակված Գևորգ Դանիելյանը, ով, սակայն, երկու շաբաթ ղեկավարեց ԲԴԽ-ն։ Ըստ էության, երկու շաբաթվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի, ինչպես նաև արդարադատության նախարարի հրաժարականները տեղի ունեցան Հայաստանում դատական համակարգի և դատավորների վեթինգի մասին այս օրերին ընթացող ակտիվ քննարկումների և անցումային արդարադատության վերաբերյալ նախաձեռնությունների մշակման ֆոնին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով, դատաիրավական համակարգում վերջին շրջանի փոփոխությունները, այդ թվում՝ հրաժարականները կապ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթի հետ։ Վարչապետը հանդես էր եկել դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության և դատավորներին վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին կոշտ ելույթով:

«Ընդհանուր վարչապետի էդ ելույթի ազդեցությունը, իհարկե, այդ համակարգի վրա էական է և չէր կարող չլինել։ Վարչապետի հայտարարությունը ճնշում չէր, վարչապետի հայտարարությունը իրականության արձանագրում էր, թե իրականությունը ում վրա ինչպես է ճնշում, դա արդեն այլ խնդիր է», - ընդգծեց իրավապաշտպանը։